Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա հուլիսին. Ստաֆան դե Միստուրա
INTERNATIONAL NEWSԺնեւում Սիրիայի շուրջ բանակցությունները տեղի կունենան հուլիսին, սակայն հանդիպման ստույգ ամսաթիվն առայժմ չի նշվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին Օսլոյում հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան՝ ելույթ ունենալով Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Ես առայժմ ստույգ ամսաթիվ չեմ նշի, բայց բանակցությունները պետք Է կայանան հուլիսին, եւ դրանք կկայանան հուլիսին՝ Ռամադանից հետո»,-նշել Է դե Միստուրան, հավելելով, որ հանդիպումը կանցկացվի այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում կհամոզվեն, որ Սիրիայում իրադրության ապաԷսկալացմանն ուղղված միջոցառումներն արդյունք են տալիս:
Դե Միստուրայի խոսքով՝ հուլիսի սկզբին պլանավորված են նաեւ Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլն Աստանայում եւ G20-ի գագաթնաժողովը՝ գերմանական Համբուրգում, որտեղ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները հնարավորություն կունենան հանդիպել եւ քննարկել Սիրիայի հարցը: «Ես գիտեմ, որ նպատակ Է դրված հանդիպում անցկացնել Աստանայում հուլիսի սկզբին՝ Համբուրգի գագաթնաժողովից ոչ շատ առաջ եւ, հավանաբար, այն բանից առաջ, երբ մենք կվերսկսենք ժնեւյան բանակցությունները»,-ասել Է ՄԱԿ-ի հանձնակատարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



