Գավառի պետթատրոնի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի այս տարվա հուլիսի սկզբին
SOCIETYԳավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը թատրոնի կոլեկտիվի եւ հանդիսատեսի առջեւ իր դռները կբացի 2016 թվականի հուլիսի առաջին օրերին: Ինչպես տեղեկացրեց պետթատրոնի շենքի շինարարական աշխատանքներն իրականացնող «Բազալտշին» ՍՊԸ տնօրեն Լյովա Մարտիրոսյանը, աշխատանքները ավարտին հասցնելու համար այս տարի պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 94 միլիոն դրամ, որը մեծ մասամբ արդեն իրացվել է:
«Այժմ իրականացնում ենք տեխնիկական բնույթի, տարածքի բարեկարգման, կահավորման աշխատանքներ, վերացնում նկատված մանր-մունր թերությունները: Մինչեւ հունիսի վերջերը շենքը կհանձնվի շահագործման»,-ասաց Լյովա Մարտիրոսյանը: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կողմից ներկայացված տվյալների՝ Գավառի պետթատրոնի շենքի շինարարությունը տեւել է 4 տարի, որի ընթացքում ընդհանուր հաշվով պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 780 միլիոն դրամ:
Խոսրով Խլղաթյան



