Վարդենիկում սկսվում է ոռոգման համակարգի վերակառուցման ծրագիրը
SOCIETYՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցներով եւ Վարդենիկի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ մեկնարկում է գյուղի մայր ջրանցքների հիմնանորոգման եւ վերակառուցման ծրագիրը:
Ինչպես տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 650 միլիոն դրամ, որից 26 միլիոնը կազմում է Վարդենիկի գյուղապետարանի համաֆինանսավորումը: «10,5 կիլոմետր երկարությամբ մեր ոռոգման համակարգի մայր ջրանցքներում տեղադրվելու են երկաթբետոնյա կիսախողովակներ: Ծրագրի տեւողությունը 2 տարի է: Շինարարական մրցույթը կայանալու է երկու օրից, աշխատանքները շուտով մեկնարկելու են:
Անցած տարի կատարել ենք ֆինանսավորման 50 տոկոսը, մնացածը կկատարենք այս տարվա ընթացքում, երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Այս ծրագրի իրականացմամբ մենք մեր ոռոգման ջրի կորուստները կկրճատենք մինչեւ 80 տոկոսով, նկատելիորեն կավելացնենք ոռոգվող տարածքները: Սա Վարդենիկի համար կենսական խոշոր նշանակության ծրագիր է»-տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետը:
Խոսրով Խլղաթյան



