Արմավիր մարզի գյուղացիները կարկուտի հասցրած վնասների չափի վերաբերյալ դիմումներ են ներկայացնելու կառավարությանը
SOCIETYԷջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում բնակիչները հավաքվել և պահանջում են հունիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքով ոչնչացած բերքի փոխհատուցում, ինչպես նաև խնդրում են որոշ ժամանակով սառեցնել բանկերի կողմից իրենց հատկացված վարկերի վճարները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը նշեց, որ գյուղացիների խնդրանքն ու պահանջը ուղղված է կառավարությանը: Նրա խոսքով` հունիսի 13-ին գյուղացիներին լսելու էին եկել ՀՀ Արմավիրի մարզպետը և գյուղատնտեսության փոխնախարարը:
«Նրանք գյուղացիներին ասացին դիմումներ ներկայացնել, թե ում որքան վնաս է պատճառել կարկուտը: Հիմա մենք բոլորի անունները և հասցված վնասների չափերը հավաքել ենք, օրվա ընթացքում ամբողջական ցուցակ կունենանք և կներկայացնենք մարզպետարան: Մարզպետարանն էլ այն կհանձնի կառավարությանը: Դեռ չգիտենք փոխհատուցում, ընդառաջում կլինե՞ն, թե ոչ»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը նույնպես եղել է գյուղացիների հավաքված վայրում, փորձել է հանգստացնել նրանց:
Նա հույս հայտնեց, որ Կառավարությունը կօգնի գյուղացիներին:
Գյուղապետը նաև նշեց, որ երկու օր առաջ տեղացած կարկուտի հետևանքով ավերվել են գյուղացիների ցորենի, սոխի, բադրիջանի, կարտոֆիլի, լոբու, լոլիկի և այլ մշակաբույսերի ցանքատարածությունները:



