ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին ներկայացվել է 32 հայտ
SOCIETYՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը հունիսի 13-ին նիստ է գումարել։ Նիստի ընթացքում բացվել են դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Ըստ այդմ մրցույթին դիմել է 32 ՀԿ։ Հայտերից 11-ը ստացվել են «Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում» անվանակարգում, 5-ը՝ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում, 4-ը՝ «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում, 7-ը՝ «Մաքուր Հայաստան», 1-ը՝ «ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների միջազգային-իրավական հիմնահարցեր», 4-ը՝ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» անվանակարգերում։
Հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կուսումնասիրեն ներկայացված հայտերը և կորոշեն հաղթողներին։



