Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչ արել եմ, արել եմ հոգուս կանչով

SOCIETY
Past.am-ի հյուրն է ռուսաստանաբնակ գործարար, բարեգործ Հրաչյա Պողոսյանը:
 
– Բարի գալուստ: Այս անգամ հայրենիք գալու առիթ էր հայ–ռուսական բարեկամությանը նվիրված ցուցահանդե՞սը:
 
– Շատ կարևորում եմ այս միջոցառումը: Այն նվիրված է Ռուսաստանի տոնին: Արդեն երկար տարիներ ապրում եմ Սանկտ Պետերբուրգում: Երեխաներս այնտեղ են ծնվել: Շատ սիրում ենք այդ քաղաքը: Բայց մենք միայն չենք ապրում այնտեղ: Իմ կատարած գործերի միջոցով փորձում եմ հարգանքս մատուցել Ռուսաստանի պատմությանը, ու անում հնարավորը, որ այդ ամենը ծառայի մեր ազգերի բարեկամությանը:
 
– Եթե 10–20 տարի առաջ հայ–ռուսական բարեկամությունը միանշանակ էր ընդունվում գրեթե բոլորի կողմից, ապա այսօր սկեպտիկներն ավելի շատ են:
 
– Դա նորմալ է: Ավագ սերունդը մտածում էր, որ մենք եղբայրական պետություններ ենք՝ հիշելով ԽՍՀՄ–ը: Մի օրինակ բերեմ: Ընտանիքում երեխաները մտածում են, որ եթե իրենք ազատ ապրեին, ավելի լավ կապրեին, ավելի շատ բան կանեին: Բայց երբ ստանում են այդ ազատությունը, գալիս է մի պահ, երբ հասկանում են, թե որքան կարևոր է ընտանիքը, որ որքան եղբայրների հետ ջերմ լինեն, այնքան ընտանիքն ամուր կլինի: Մենք հիմա հասկանում ենք, որ պետք է մեր պետությունների միջև եղած ջերմությունը պահպանել ու մեծացնել: Ժամանակակից կյանքը նոր մոտեցումներ, նոր պահանջներ է դնում պետությունների առջև: Ու պետք է միասնաբար դիմագրավենք այդ նոր իրավիճակներին:
 
– Կոնկրետ Հայաստանում այդ ընկալման պատճառն առավելապես Ռուսաստանի վարած քաղաքականությունն է, մասնավորապես կապված Ադրբեջանին զենք մատակարարելու և այլ հանգամանքների հետ:
 
– Ես իրավունք չունեմ քաղաքական գնահատական տալ: Դա կարող են անել ներսում ապրող մարդիկ: Ես միայն երազում եմ, որ խաղաղություն լինի, ոչ մի երեխա չզոհվի: Պետությունն այնքան էլ լավ ժամանակներ չի ապրում, որպեսզի կարողանա այդ ընտանիքներին աջակցել, օգնել: Ու խոսքը միայն Հայաստանի մասին չէ: Ամբողջ աշխարհում տնտեսապես վատ օրեր են: Բայց մեր կարեցածի չափով փորձում ենք օգնել: Վերջերս բնակարան նվիրեցինք Գյումրիի մի ընտանիքի, որը ոչ միան տուժել էր երկաշարժից, այլև նրանց որդին զոհվել էր ապրիլյան պատերազմի օրերին:
 
– Այսօր Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայ համայնքը: Որքանո՞վ է հայ համայնքի ձայնը լսելի այդ երկրի քաղաքական ու հասարակական կյանքում:
 
– Գիտեք, ես ավելի շատ շփվում եմ եկեղեցու հետ: Ու չեմ ուզում գնահատական տալ համայնքի լավ ու վատ կողմերին: Բայց ամեն մեկս ունի իր տեսակետը: Չեմ բացի փակագծերը: Համենայնդեպս, Պետերբուրգում ես ավելի շատ շփվում եմ եկեղեցու հետ:
Մեկ բան կասեմ միայն: Այսօր համայնքի ղեկավարը պետք է լինի ճկուն, իմաստուն: Այսօր համայնքը փորձում է մարդկանցից գումար խնդրել՝ եկեք սա անենք, նա անենք: Բայց ժամանակները փոխվել են: Համայնքն ինքը պետք է մեխանիզմներ ստեղծի, որ մարդիկ գան դեպի իրեն: Եթե համեմատենք մեր այսօր ու 15–20 տարի առաջ Ռուսաստան գնացած հայերին, ապա կտեսնենք, որ 15 տարի առաջ Ռուսաստան եկած հայերի 90 տոկոսը հաջողակ գործարար է դարձել: Իսկ այսօրվա հայերի 15 տոկոսը լինի, թե չլինի իր գործի տերը: Բայց այնպես չէ, որ նրանց խելքն է պակաս կամ չեն կարողանում աշխատել: Համայնքը պետք է նրանց օգնի, մեխանիզմներ ստեղծի, որ մարդիկ կարողանան իրենք իրենց իրացնել:
 
– Այսինքն, համայնքը պետք է տեր կանգնի իր անդամներին:
 
– Այո, պետք է հզոր լինի, պետք է լուրջ կապեր ունենա թե հյուրընկալ երկրի, թե Հայաստանի իշխանությունների հետ:
Կուզեի կարևորել պետության արտաքին քաղաքականությունը: Մենք ապրում ենք Հայաստանից դուրս: Բայց երկրի վարած քաղաքականությունը, հարաբերությունները շատ լուրջ կերպով ազդում են հյուրընկալ երկրում ապրող մարդկանց վրա: Հայաստանի ներքին քաղաքականությանը ես իրավունք չունեմ գնահատական տալ, ես այստեղ չեմ ապրում: Բայց դրսում ապրելով՝ կարող եմ միայն բարձր գնահատել արտաքին ոլորտի քաղաքականությունը: Այն միայն դրական է անդրադառնում Ռուսաստանում ապրող հայերիս վրա:
 
– Իսկ երբևէ մտածե՞լ եք Հայաստանում բիզնես հիմնելու, ներդրումներ կատարելու մասին:
 
– Անկեղծ ասած, չեմ մտածել: Ժամանակս այնքան սուղ է: Ունեմ չորս փոքրահասակ երեխա: Փորձում եմ հնարավորինս շատ լինել նրանց կողքին: Գիտեմ մարդկանց, ովքեր տարվել են բիզնեսով ու մի պահ հասկացել են, թե որքան բան են բաց թողել: Ես չեմ ուզում այդ սխալը թույլ տալ: Ուստի բավարարվում եմ նրանով, ինչ ստանում եմ, աշխատում եմ: Թեպետ չեմ բացառում, որ մի օր դրա ժամանակն էլ գա, նման ցանկություն մեջս հասունանա:
 
– Դուք մեծ տեղ եք հատկացնում մշակութային արժեքների ստեղծմանն ու պահպանմանը: Բայց այսօր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում մշակույթը հետին պլան է մղված: Ինչո՞ւ եք շարունակում մարդկանց մեսիջ ուղարկել հենց մշակույթի լեզվով:
 
– Ժամանակները փոխվել են: Նոր կյանքը նոր պահանջներ է դրել մարդկանց առջև: Բայց ինչ արել եմ, արել եմ հոգուս կանչով: Գուցե շատերը չհասկանան իմ արածը, մտածեն՝ ում է պետք: Բայց ես այդ ամենը տեսնում եմ իմ ձևով: Երբևէ չեմ հիասթափվել իմ որևէ նախաձեռնությունից, արածից: Ինձ համար այդ կառույցները, կոթողները հասարակ չեն, դրանք շնչում են, ապրում են: Նաև՝ այս կամ այն առիթով տեղադրված խաչքարերը օծված են: Այսինքն, դրանք նաև սրբություն են ինձ համար: Բացի այդ, ես չեմ կառուցում ու հետո մոռանում: Փորձում եմ հետևել, անհրաժեշտության դեպքում ռեստավրացիա անել, տարածքը բարեկարգել:
 
– Հասկանալի է, թե Հայաստանում ու Ռուսաստանում ինչու եք այդքան շատ հուշակոթողներ կամ խաչքարեր տեղադրել: Մի երկրում ծնվել եք, մյուս երկրում ապրում եք: Բայց Դուք բազմաթիվ կառույցներ ունեք նախկին ԽՍՀՄ շուրջ 10 երկրում և նրանից դուրս:
 
– Պատմեմ Սլովակիայի օրինակով: Եղեռնի զոհերի 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան էր այցելել Կոշիցեի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գեորգի Ստրանսկին: Պետհամալսարանի բակում տեղադրել էինք գավազան–հուշարձանը: Օծման օրը նա էլ էր ներկա: Ու պատմեց, որ իր մեջ հայի արյուն կա: Ես էլ ոգևորվեցի ու ասացի, որ եթե այդպես է, պետք է Եղեռի հիշատակը հավերժացնող մի խաչքարն էլ տեղադրել նրա հայրենի քաղաքում: Նա էլ շատ ոգևորվեց: Ու այդպես խաչքար տեղադրվեց Սլովակիայի Կոշիցե քաղաքում: Հայ համայնքը շատ շնորհակալ եղավ: Թեպետ զարմացան, որ Պետերբուրգից եկել, խաչքար եմ տեղադրում Սլովակիայում:
 
– Կարծես թե առանձնահատուկ սեր ունեք խաչքարերի նկատմամբ՝ հիմնականում խաչքարեր եք տեղադրում:
 
– Մենք սրբապատկերներ չենք ունեցել: Թե լավ, թե վատ առիթի դեպքում խաչքարեր ենք պատրաստվել: Բացի այդ, խաչքարը սովորաբար օծվում է: Եվ ինձ համար փոքրիկ եկեղեցի է դառնում: Երբ մյուռոն է քսվում խաչքարին, այն սրբավայր է դառնում:
 
– Այս զրույցից առաջ Դուք մեծ ոգևորությամբ ու սիրով էիք պատմում Ձեր կատարած գործերի մասին: Պետք է որ անպայման ներշնչանքի աղբյուր ունենաք:
 
– Ես ապրում եմ այդ ծրագրերով: Նախ, պատկերացնում եմ, թե դա ինչ ու ինչպես է լինելու: Պատկերացնում եմ բացումը, օծումը, ովքեր են ներկա լինելու: Շարադրության պես իմ ներսում գրում եմ այդ ամենը: Ու երբ այդ շարադրությունն իրականություն է դառնում, շատ մեծ ուրախություն եմ ապրում, հասկանում եմ, որ տեղին է՝ հատկապես տեսնելով ներկաների թիվը: Սովորաբար ներկա է լինելու 2000–3000 մարդ: Հասարակ գործարար լինելով և այքան մարդ իմ կողքին տեսնելով՝ հասկանում եմ, որ արել ու անում եմ այն, ինչը ժողովուրդը ցանկանում է տեսնել:
 
– Ձեր մեջ խոսում է սերը եկեղեցո՞ւ, Աստծո՞ հանդեպ:
 
– Թե եկեղեցու, թե Աստծո: Ես միշտ ծաղիկներ եմ տանում եկեղեցի: Մի առիթով էլի ասել եմ՝ եթե մարդը իր հարազատ մորը չի կարող նվիրել ծաղիկ, նա չի կարող ծաղիկ նվիրել եկեղեցուն, չի կարող ծաղիկ նվիրել Տիրամորը: Եթե մենք չենք հավատում մեր ծնողին, ինչպե՞ս կարող ենք հավատալ Աստծուն: Ամեն ինչ գալիս է ընտանիքից:
 
– Այդ հավատն էլ Ձեր մեջ ծնվել է ընտանիքո՞ւմ:
 
– Ես հիշում եմ՝ ամեն առավոտ պապիկս իջնում էր աղբյուրի մոտ ու աղոթում էր: Նույնը արել է հայրիկս: Պապիկս օրագիր ուներ: Նրա կյանքի ճանապարհը շատ դաժան է եղել, բայց ամեն խոսքից հետո գրում էր՝ Աստծո կամքով: Դժվարին վիճակներում անգամ նա տեսել է Աստծուն, նրա նախախնամությունը: Մեր ընտանիքում Աստծո ներկայությունը, հավատը միշտ կարևորվել են:
 
Նորից կրկնեմ՝ այսօր աշխարհը շատ է փոխվել: Նայում ես՝ բարերում, սրճարաններում ինչ է կատարվում, ու չգիտես՝ դու ճիշտ ես ապրում, թե սխալ: Բայց վստահ եմ՝ այն ամենը, ինչը մեր ծնողների ու պապերի համար սրբություն է եղել, կյանքի հիմքն է: Մարդիկ ուշ, թե շուտ գալու են դրան: Ու ես միշտ առիթը բաց չեմ թողնում շնորհակալություն հայտնելու մեր հայրապետներին՝ թե Հայաստանի, թե Ռուսաստանի, մեր հոգևորականներին:
 
Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել մեր հոգևորականին: Տեսե՞լ եք, որ մի տեղ բաժակ բարձրացնեն ու խմեն, ասենք, ճգնավորների կենացը: Ճգնավորներն ապրում են միայն աղոթքով, աղոթում են մարդկության, նրա փրկության համար: Մենք գնահատո՞ւմ ենք: Մենք չենք էլ տեսնում: Իսկ իրականում նրանց աղոթքը մեծ ուժ և էներգիա է հաղորդում մեզ բոլորիս: Պետք է կարողանանք գնահատել մեր այս օրը, արևը, մեր հարևանին, եղբորը, Աստծո տված ամեն մանրուքը: Երբ փորձում ենք բարին տեսնել, այն կրկնապատկվում ու տարածվում է:
 
– Ձեր առաջին մասնագիտությունը հավատի գործերի հետ քիչ կապ ունի: Դուք նախկին զինվորական եք: Ինչո՞ւ ընտրեցիք զինվորականությունը և հետո ինչո՞ւ հրաժարվեցիք:
 
– Չեմ հրաժարվել: Ուղղակի այդ ժամանակ բանակում (խոսքը ռուսական բանակի մասին է.– խմբ.) շատ մեծ կրճատումներ կատարվեցին: Ու մի համակարգից պետք է տեղափոխվեի մեկ այլ համակարգ: Ես չեմ ցանկացել բանակից դուրս գալ: Հանգամանքներն այդպես դասավորվեցին: Նաև ինձ մի պահ թվաց, որ բանակում կարծես թե անարդարություն առաջացավ, առևտրայնացման հակումներ ի հայտ եկան սպաների մեջ: Ես ինձ այդկերպ չէի պատկերացնում: Ծառայությունը շատ եմ սիրել: Մինչև հիմա էլ ուրախությամբ ու հպարտությամբ եմ նայում համազգեստ կրող զինվորականներին:
 
– Բազմաթիվ զինվորական ընկերներ ունեք: Կապը բանակի հետ պահպանում եք ընկերության միջոցով:
 
– Իհարկե: Եթե անգամ առաջին մասնագիտության ասպարեզից դուրս ես գալիս, կապը երբեք չես կտրում: Կարծես թե շարունակում ես մնալ համակարգի մաս: Ինչպե՞ս կարող եմ անտարբերությամբ վերաբերվել զինվորականությանը կամ զինվորական կյանքին: Առավել ևս, որ իմ այսօրվա գործունեությունը՝ շինարարությունն էլ կապված է զինվորական ասպարեզի հետ:
 
Արփի Սահակյան
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League