Ալեն Սիմոնյան. «Եթե քաղաքական գործիչը ինչ–որ բան է ասում մյուսի հասցեին ու չի հիմնավորում, կամ ԱԱԾ աշխատակից է, կամ բանսարկու». «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Մամուլում երեկ գրվել է, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում «հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»–ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։
Այս առթիվ «Փաստի» հարցին ի պատասխան «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ո՞վ ա ընդհանրապես Գագիկ Հարությունյանը, ո՞վ ա «Ժառանգություն» կուսակցությունը, ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք «Ժառանգություն» կուսակցություն»: Երբ հիշեցրինք, որ Գագիկ Հարությունյանը իշխանության մարդն է, ասաց. «Բայց ո՞վ ա ինքը, որ ինչ–որ մեկը իրա հետ բանակցի: Ես ոնց մեկնաբանեմ էս աբսուրդը, թող դիմեն բժշկի օգնությանը, եթե նման արտահայտություն է եղել»:
Ավագանու «Ելք» խմբակցության մասնակցությունը Տարոն Մարգարյանի երդմնակալությանը երեկ դատապարտել է երդմնակալությունը բոյկոտած «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ հայտարարելով, որ այն «գաղտնազերծեց բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին»:
«Եթե քաղաքական գործիչը ինչ–որ բան է ասում մյուսի հասցեին ու չի հիմնավորում, կամ ԱԱԾ աշխատակից է, կամ բանսարկու»,– «Երկիր» ծիրանիին» այսպես պատասխանեց «Ելք» ավագանու անդամը: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր իմաստը
ԱԺ–ում բոյկոտել Սերժ Սարգսյանի ելույթը, սակայն մասնակցել Տարոն Մարգարյանի երդմնակալությանը: «Դա մեր ավագանու նիստն է եղել, ավագանու նիստին հրավիրված են եղել բազմաթիվ հայտնի և ոչ այդքան հայտնի մարդիկ, և մենք էլ ներկա ենք գտնվել, պետք է մենք մեր նիստին ներկա չգտնվեի՞նք: ԱԺ–ում եղել է ԱԺ խմբակցության որոշումը, որով իրենք ցուցադրել են իրենց վերաբերմունքը անցկացված ընտրություններին»,–ասաց Ալեն Սիմոնյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



