Մի կտոր սիրտ. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քառասուն–հիսուն տարի առաջ էր. Խորհրդային Հայաստանից արվեստագետների խումբ էր մեկնել Միացյալ Նահանգներ: Վահագն Դավթյանն էր, Ջիվան Գասպարյանն էր, Բելլա Դարբինյանը, Մելանյա Աբովյանը: Համերգային շրջագայության ընթացքում նրանք եղան նաև մեծ գրողի` Վիլյամ Սարոյանի ծննդավայրում` Ֆրեզնոյում:
Համերգը կազմակերպվեց: Դահլիճը լեփլեցուն էր հայերով. բնականաբար ներկա էր նաև մեծ գրողը: Տաք մթնոլորտ էր. հնչում էին հայ ժողովրդական և գուսանական երգեր: Նաև դուդուկն էր «խոսում»:
Այս ի՜նչ անուշ գործիք է` մտորում էր գրողն ու վայելում մեղրածոր մեղեդին: Նա մինչ այդ չգիտեր, տեղյակ չէր դուդուկի մասին. առաջին անգամ էր լսում: Դուդուկը պարզապես հայտնագործություն էր իր համար:
Իսկ քառասնամյա Ջիվան Գասպարյանն այդքան հայերի առաջ խոսեցնում ու խոսեցնում էր աստվածային գործիքը:
Հերթական դադարից հետո, երբ հնչել էր «Դլե յամանը», 80–նն անց մի մարդ բարձրացավ բեմ: Ասես ամբարտակը պոկ գար. տասնամյակներ փակի տակ առնված զգացմունքները հոսեցին ու հոսեցին: Ծերունին, որը հետագայում պարզվեց Վանից էր, խոսեց ու խոսեց: Գնաց հասավ իր երկիրն ու պատմեց ու պատմեց: Ցեղասպանված, հանիրավված ժողովրդի խլյակի խոսքն էր բեմում, ով մի կերպ փրկվել էր մահից: Հիշեց եղեռնը, հիշեց գաղթի ճամփան: Հիշեց ու դահլիճում նստածներին կրկին տեսնել տվեց սեփական ժողովրդի գողգոթան:
Երբ համերգն ավարտվեց, առանձին խմբով հավաքվեցին դահլիճի մի անկյունում գցված սեղանի շուրջ: Վանեցի այս մարդն էլ էր տիկնոջ հետ, նաև Վիլյամ Սարոյանն էր:
– Ջիվան, մի անգամ էլ «Դլե յամանը» նվագիր, խնդրեց ծերունին:
Նվագեց:
Արցունքները հոսում էին ծերունու աչքերից. չէր էլ փորձում արգելել հոսքը: Նորից խոսեց: Խոսեց կորցրած հայրենիքից, ցավից ու կորստից:
– Տղաս, մեկ էլ նվագիր լսեմ:
Դուդուկը հնազանդ հնչում էր Ջիվան Գասպարյանի ձեռքերի մեջ:
Ծերունին ասես այլևս դահլիճում չէր. հեռակա էր հայացքը: Հավանաբար իր երկրում էր` իր Վանում: Կենդանի էին ծնողներն ու վառված չէին հայրենի քաղաքի այգեստանները: Ինքն էլ այնտեղ էր. վայելում էր մանկության քաղցր օրերը: Ծնողներն էլ իր հետ էին:
Մեկ էլ գլուխը թեքվեց աջ ուսի վրա: Ներկաները զարմացան. կինը ցնցեց ամուսնուն: Արձագանք չկար. նա մեռած էր: Իսկ շուրթերին երջանիկ ժպիտ էր:
Խառնվեցին իրար: Շտապօգնությունը եկավ: Արդեն ուշ էր:
Հեկեկում էր կինը, հեկեկում: Արցունքների միջից նայեց Ջիվանին ու ասաց.
– Երանի դու եկած չլինեիր մեր կողմերը:
– Ոչ, ինչո՞ւ,– առարկեց Սարոյանը,– երջանիկ մահ էր: Երանի ես էլ այսպես մեռնեի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



