ՌԴ ՆԳ նախարար. Մերձմոսկովյան Կրատովոյի հրաձիգը չեզոքացվել է
INTERNATIONAL NEWSՄերձմոսկովյան Կրատովո գյուղի հրաձիգը մեկուսացվել է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ անդրադառնալով Կրատովոյում անցկացված հատուկ գործողության մանրամասներին, որտեղ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակիցը 4 մարդու է սպանել:
«Հանցագործը մեկուսացվել է: Նա մի քանի ժամ շարունակ կրակել է, նռնակներ նետել: Տեղի է ունեցել 14 պայթյուն, տուժել է 4 հատուկջոկատային: Նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել, առողջությանը ոչինչ չի սպառնում»,- ասել է Վլադիմիր Կոլոկոլցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարի խոսքով՝ քննությամբ կպարզվեն հանցագործության դրդապատճառները:
Վլադիմիր Կոլոկոլցեւը հայտնել է, որ գործողության ընթացքում տուժել է նաեւ քաղաքացիական բնակչությունը, որը գտնվել է հատուկ գործողության անցկացման գոտում:
Մերձմոսկովյան Կրատովոյում հրաձգություն իրականացրած տղամարդը չեզոքացվել է հունիսի 11-ի գիշերը: Նրա անունը հայտնի է դարձել հունիսի 10-ի երեկոյան՝ նա Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից Իգոր Զենկովն է, որը հրապուրվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների զենքի որոնումներով: Ամենայն հավանականությամբ նա իրավապահների վրա կրակել է հենց այդպիսի վերականգնված գտածո զենքով:
ՆԳՆ տվյալներով՝ Կրատովոյի միջադեպի հետեւանքով զոհվել է 4 մարդ:



