Երկու տարեկան բաղանիսցին հրաշքով է ողջ մնացել. հակառակորդի գնդակը անցել է օրորոցի կողքով
SOCIETYՏավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսում երկու տարեկան երեխան հրաշքով փրկվել է, երբ հունիսի 7-ին գյուղը ժամեր շարունակ հակառակորդի կրակահերթի տակ էր:
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը, որի հայրական տունը գտնվում է Բաղանիսում եւ այնտեղ ընտանիքի հետ ապրում է եղբայրը, Armtimes.com-ի զրույցում պատմեց, որ պատուհանախորշերը փակված են տուֆ քարով, բայց գնդակը դրանց արանքով ներթափանցել է սենյակ:
«Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի վրա է գյուղը: Գնդակոծվում են ոչ միայն դիրքերը, այլեւ ճանապարհը, ու հենց գյուղի, տների վրա են կրակում: Թշնամու դիրքերն իմ հայրական տնից մեկուկես կիլոմետրի վրա են: Գնդակը երկու տուֆի արանքով մտել էր այն սենյակը, որտեղ երկու տարեկան երեխան էր քնած ու հրաշքով չէր դիպել երեխայի օրորոցին»,- ասաց Սամվել Բեգլարյանը:
Նա մանրամասնեց, որ հակառակորդի դիրքերը գտնվում են Ուխտի սար կոչվող բարձունքին, որը ժամանակին հայկական կողմին է պատկանել:
«Դա ժամանակին մեր ձեռքին էր: Այդ դիրքերը ստրատեգիական նշանակության էին, բայց այն ժամանակ Վազգեն Սարգսյանի պահանջով նահանջեցինք: Հետո նույն բանը զարմանալիորեն կրկնվեց Թալիշում: Երբ մեր տղաները ուշքի եկան եւ հարձակվում էին, Մոսկվան հիմա էլ Խաչատուրովի միջոցով ասաց` դադարեցրեք: Չեմ հասկանում»,- կարծիք հայտնեց գրողը, որը, որպես կամավորական, մասնակցել էր նաեւ ապրիլյան պատերազմին:
Նա գտնում է, որ ճիշտ կլինի, որ մասնավորապես, իր հայրենի գյուղի մոտ գտնվող հակառակորդի դիրքերը ետ գրավելու որոշում ու հրաման լինի:
Մանրամասները՝ Armtimes.com-ում:



