Իրանում 41 ահաբեկիչ է ձերբակալվել. երկրի հետախուզության նախարարություն
INTERNATIONAL NEWSԻրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է Թեհրանում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո «Իսլամական պետություն» խմբավորման անդամների ձերբակալության մասին: Այդ մասին հայտնում է Press TV-ն
Հետախուզական մի շարք գործողություններից հետո, հայտնաբերվել և ձերբակալվել է ԻՊ-ի 41 անդամ:
Նախարարությունը հայտարարել է, որ ահաբեկիչները ձերբակալվել են Իրանի Քերմանշահ, Քուրդիստան, Արևմտյան Ադրբեջան և Թեհրան նահանգներում:
Գործողության ընթացքում առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր և ահաբեկչական գործողությունների համար սարքավորումներ:
Ուրբաթ ավելի վաղ նախարարությունը հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ, որում նշել էր, որ Իրանի անվտանգության ուժերն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության հետ համագործակցությամբ կարողացել են հայտնաբերել և ձերբակալել մի քանի ահաբեկիչների, որոնք կապված են եղել Իրանի խորհրդարանի և Այաթոլա Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակումների հետ:
Ահաբեկիչների ձերբակալության համար ձեռնարկված գործողության ընթացքում հետախուզության ուժերը հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք և ռումբի բաղադրիչներ, պայթուցիկ գոտիներ, կապի միջոցներ և կեղծ փաստաթղթեր: Բացի այդ, հայտարարության համաձայն, երկրի հյուսիս-արևմուտքում վահաբիստ-թաքֆիրիստների կողմից օգտագործվող մի քանի տներ են հայտնաբերվել և «մաքրվել» ահաբեկիչներից:
Նշենք, որ երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել 3 ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները՝ հինգ հոգի, ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:



