Դավիթ Անանյանը սխալ է համարում կարծիքը, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով երկիրը կորցնում է սուվերենությունը
POLITICSՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը սխալ է համարում կարծիքն այն մասին, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը մաքսային և հարկային քաղաքականությունների վարման առումով հնարավոր է՝ կորցնի իր սուվերենությունը: Զուգահեռներ տանելով ԵՄ և ԵԱՏՄ համագործակցությունների միջեւ՝ նա նշեց, որ այս առումով գոյություն ունի հարկային և մաքսային քաղաքականությունների միասնականացման և ներդաշնակեցման քաղաքականություն:
«Միասնականացման քաղաքականության դեպքում այս կամ այն կառույցին անդամակցող երկրները փորձում են ձևավորել միասնական օրենսդրություն. դրա վառ օրինակն է Եվրամիությունում գործող ԱԱՀ միասնական համակարգը:
ԵԱՏՄ-ի առումով միասնականացման օրինակ է մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Իսկ ահա ներդաշնակեցման քաղաքականությունը միասնականացման քաղաքականությունից տարբերվում է նրանով, որ երկրները, պահպանելով իրենց հարկային և մաքսային անկախությունը, փորձում են կառուցել այնպիսի փոխհարաբերություններ, որ երկրների հարկային եւ մաքսային օրենսդրությունների միջեւ լինի համագործակցություն՝ կապված տնտեսավարող սուբյեկտի կամ հարկ վճարողի վարքագծի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը:



