Արմեն Ամիրյանը Ռազմիկ Ամյանին արժանի է համարում վաստակավոր արտիստի կոչմանը
CULTURE
Երգիչ Ռամիկ Ամյանը հրաշալի երգիչ է և վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Քննարկման առարկա դարձնել տաղանդավոր, շնորհաշատ և հանրության մեջ վաստակ ունեցող մարդու պատվավոր կոչումը, առնվազն կոռեկտ չէ։ Կոչումները շնորհվել են մայիսի 28-ին և բոլորը արժանի մարդիկ էին՝ նրանք իրոք մշակույթի ոլորտում վաստակ ունեն։ Նա զարգացրել է կատարողական արվեստը։ Նա հրաշալի երգիչ է՝ լավ ձայնային տվյալներով։ Այսօր երգիչներն ինչ-որ տեղ շեղվում են իրենց նախանշված ուղուց, սակայն պետք է կարողանանք ստեղծել այն դաշտը, որ էստրադայում, դասական երաժշտության բնագավառում, փոփում, ջազում մարդիկ, մնալով իրենց ոճի մեջ, կարողանան դրամ վաստակել։ Մեր խնդիրն է, որպեսզի հայեցակարգերով, օրենքներով կարգավորենք այդ դաշտը, որ մարդիկ չգնան 6/8 դաշտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ամիրյանը։
Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ է շնորհել գիտության, կրթության, մշակույթի և արվեստի, սպորտի, առողջապահության, տնտեսության ոլորտի գործիչների՝ ունեցած վաստակի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի համար։ Ռազմիկ Ամյանն արժանացել է վաստակավոր արտիստի կոչման:




















































