Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Զուլումի քավորությունը. «Փաստ»

CULTURE

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զուլում Գրիգորյանի հուշերը՝ Խորեն Աբրահամյանի, Ֆրունզե Դովլաթյանի ու Մհեր Մկրտչյանի մասին: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:

Ասում են` 60–70–ականների Երևանն այլ համուհոտ է ունեցել: Քաղաքն այլ շնչով է ապրել: Ոչինչ այնպես չի եղել, ինչպես հիմա է: Ավագ սերունդը կարոտով հիշում է անցած–գնացած օրերն ու երազկոտ վրա բերում` այն ժամանակ ուրիշ էր:

Գուցե իսկապես ուրիշ էր: Չգիտեմ: Բայց չէ՞ որ քաղաք ու մթնոլորտ ձևավորում են մարդիկ: Այդ օրերի մարդի՞կ են այլ եղել: Հարաբերություննե՞րն են ուրիշ եղել: Միգուցե օդի մեջ ներծծված դրական էներգիա՞ն է իր գործն արել:

Անկեղծ ասած, երբեմն նախանձով եմ լսում ավագների կարոտախառն պատմությունները, որոնց խորքում ինչ–որ ջերմություն կա, տաք շունչ: Իսկ երբ այդ պատմություններն առնչվում են մեր մեծերին կամ հնչում են նրանց շուրթերից, կամքիցդ անկախ ոգևորությունը համակում է հոգիդ, ու բառ իսկ բաց չթողնելու մղումով ականջ ես դնում: Ու դրանք քեզ տանում են բոլորովին այլ աշխարհ, որտեղ իսկապես ուրիշ է:

1954–ից նկարիչ Զուլում Գրիգորյանը, Խորեն Աբրահամյանը, Ֆրունզե Դովլաթյանն ու Մհեր Մկրտչյանն անբաժան ընկերներ են եղել: Գրեթե ամեն օր հավաքվում էին նկարչի արվեստանոցում` առիթը բաց չթողնելով իրար ողջության կենացը խմելու ու երկար զրուցելու: Նկարիչը հիշում է, որ այդ տարիներին միայն մեկի ծնունդն են նշել` Խորիկի 30–ամյակը: «Ծնունդն արեցինք իմ արվեստանոցում: 1960 թիվն էր: Առանք մի արկղ օղի, կիլկի` էժան բան էր, կիլոն` 30 կոպեկ, մի հատ էլ ուլ, որովհետև ուլն ավելի էժան էր, քան գառը: Մինչև լույս նստեցինք, խմեցինք»:

Այսօր երեք ընկերներին կորցրած նկարիչը հիշում է իրենց խենթությունների մասին: «Մի անգամ քեֆներս էնքան լավ էր, որ եկանք Օպերայի բակ ու գիշերվա ժամը 3–ին հրապարակի մեջտեղում ես, Խորիկն ու Ֆրունզիկ Մկրտչյանն սկսեցինք պարել Կարապի պարը: Դովլաթյանը 2–3 տարով մեզնից մեծ էր ու մի քիչ քաշվում էր: Բայց մենք ինչ ասես անում էինք,– կարոտով պատմում է վարպետն ու վրա բերում հաջորդ պատմությունը:– Մի անգամ գիշերվա կեսին տրոլեյբուս կանգնեցրինք: Ֆրունզը վարորդին ասաց` քշի Ամիրյան: Սա թե` գիծ չկա: Իսկ Ֆրունզը` ոչինչ, դու լարերը հանի, մենք կհրենք: Ու էդպես գնացինք–հասանք հրապարակ: Միլիցիոներներ կային: Լենինի արձանի պահակներն էին: Նրանցից մեկին Ֆրունզն ասաց` գնա, կանգնիր տրիբունայի վրա, դու ռազմական մինիստր ես: Ինքն ու Խորիկն էլ բարձրացան: Ներքևում մնացի ես: Ֆրունզն էլ թե` դու էլ կլինես ժողովուրդը, գնա արի, մենք ճառ կասենք, դու ծափ կտաս»:

Այս քառյակին միայն ընկերական կապը չէր միացնում: 1969–ը, թե 70 թվականին Զուլում Գրիգորյանը դարձել է ընկերների կնքահայրը: Իսկ թե պատմությունն ինչպես է եղել, թող ասի վարպետն ինքը: «Մի օր ես, Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզե Դովլաթյանը նստած ենք իմ արվեստանոցում: Խոսք ու զրույցից պարզվեց, որ կնքված չեն: Իսկ ես կնքված էի: Բա ի՞նչ անենք: Ասի` տանեմ, ձեզ կնքեմ»: Ասված է` արված է: Վարպետը զանգում է Ժիրայր Չուլոյանին` Վեհափառի ոսկերիչին: Գիտեր` նրա մոտ միշտ պատրաստի խաչեր են լինում: Երեք խաչ է խնդրում: Բայց ուզում էր` խաչերի վրա փիրուզաքար լինի, որ տղաներին աչքով չտան: Ոսկերիչը խոստանում է մեկ ժամում խնդրանքը կատարել:

Իսկ մինչ այդ վարպետը որոշում է գնալ տղաների հետևից: Մտածում է Ֆրունզիկ Մկրտչյանին էլ վերցնել` հաստատ կնքված չի լինի, դե նրան ո՞վ պետք է կնքած լինի: Իր «Զապորոժեցով» գնում է տղաների մոտ: Տղաները Զուլումի «Զապորոժեցից» սրտնեղում են` էս անպետք մեքենան ի՞նչ է, հեն է, «Վոլգան» էնտեղ կանգնած է: Բայց Զուլումը համառում է` պետք է քավորի մեքենայով գնանք: Մի կերպ տեղավորվում են` երկու Ֆրունզիկները հետևի նստարանին են նստում, Խորիկը` դիմացը: Ֆրունզիկ Մկրտչյանին ընկերները չէին ասել, թե ուր են գնում: Նրա հարցերին միայն մի պատասխան էին տալիս` քո գործը չի, հանգիստ նստիր: «Ավտոկայանի մոտ «На ходу» կար: Հենց հասանք դրա մոտ, Ֆրունզն ասաց` ես էստեղ գործ ունեմ: Ասում եմ` ի՞նչ գործ, կարո՞ղ է` պարտք ես: Մեկ–մեկ գնում–խմում էր, հետո տանում փողը տալիս: Ասաց` չէ, կանգնիր: Գնաց, մի թեյի բաժակ օղի խմեց, եկավ` հիմա ուր ուզում եք, տարեք»:

Հասան Էջմիածին: Արդեն ուշ էր: Բայց եկեղեցին մարդաշատ էր: Վարպետը մեքենայից իջնում է, գնում քահանա փնտրելու: «Քահանան ախպար էր: Ասաց` արդեն ուշ է, էլ չենք կարող կնունք անել: Սկսեցի համոզել` Տեր հայր, ռայոնից ենք եկել, հազիվ էս ժամին հասել ենք: Համաձայնեց: Ասաց` դե գնա, երեխեքին բեր: Տեր հորը չէի ասել, թե ում է կնքելու»: Վարպետը գալիս է ու ապագա սանիկներին խնդրում մեքենայից դուրս գալ: Այդ տարիներին Ֆրունզե Դովլաթյանը, Խորեն Աբրահամյանն ու Մհեր Մկրտչյանն արդեն ժողովրդի սիրելիներն էին: Նկարահանվել էին «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրները»: Հենց մեքենայից դուրս են գալիս, Մայր տաճարի բակում հավաքված ժողովուրդն անմիջապես շրջապատում է նրանց:

Ուրախացած ժողովրդի ուղեկցությամբ ընկերները մտնում են եկեղեցի: Տեր հայրը կատարում է կնունքի արարողութունը, իսկ վերջում սանիկներին խնդրում է համբուրել կնքահոր աջը: «Դովլաթյանը շատ ազնիվ, բարի, մի ուրիշ տեսակ մարդ էր: Անմիջապես ձեռքս համբուրեց: Ֆրունզն էլ համբուրեց` քեֆն արդեն լավ էր: Իսկ Խորիկն ընդդիմացավ` ես քո ձեռքը ինչի՞ պետք է համբուրեմ: Այ տղա, ասում եմ, ամոթ է, ժողովուրդը նայում է, համբուրի, հետո կորոշենք, թե ինչի ես համբուրել»:

Վարպետը գրպանում 4 հատ 25 ռուբլիանոց ուներ: Արարողության ավարտից հետո 3 հատը մեկնեց Տեր հորը: Վերջինս հետ տվեց գումարը` այսպիսի պատկառելի մարդկանց կնքելն ինձ համար պատիվ է: Վարպետը գումարը գրպանը դրեց: Այդ պահին Խորիկը նրա գրպանից հանեց գումարը և նորից մեկնեց Տեր հորը: Վերջինս կրկին վերադարձրեց: Այդ անգամ վարպետը գումարը դրեց մյուս գրպանը, որտեղ 4–րդ 25 ռուբլիանոցն էր: Խորեն Ասբրահամյանն այդ գրպանից էլ հանեց գումարն ու արդեն 4 հատ 25–անոց մեկնեց Տեր հորը: Երկար բանակցություններից հետո քահանան գումարը վերցրեց:

Եկեղեցուց դուրս եկան: Առիթը չնշել չէր լինի: Բայց կնքահոր մոտ գումար չէր մնացել: Պարզվեց` սանիկներն էլ հարուստ չէին` մեկի մոտ հինգ ռուբլի էր, մյուսի մոտ` երեք: Վարպետը Խորիկի վրա բարկացավ` մի 25–անոց ունեի, պետք է գնայինք ռեստորան, հաց ուտեինք, ինչի՞ տվեցիր: Ելքն առաջարկեց Ֆրունզը` գնանք, նստենք, ոնց էլ լինի, կճանաչեն մեզ, մի բան պատիվ կտան: Այդպես էլ արեցին: Չորս ընկերներով գնացին «Արմենիա»: Ընդամենը մեկ–երկու բան պատվիրեցին ու նստեցին: Ֆրունզը չէր սխալվել` քառյակին անհնար էր չճանաչել ու պատիվ չանել: Շուտով նրանց սեղանին միրգ, կոնյակ ուղարկեցին: Ֆրունզը մատուցողին կանչեց ու ասաց` էս կոնյակը, միրգը տար, փոխարենը ուտելիք բեր: «Էդպես փոխանակելով կերանք, խմեցինք, քեֆ արինք: Հետո էլ որոշեցինք Սևան գնալ: Ասի` խմած «Զապորոժեց» քշեմ, գլխներիս մի օյին կբերեմ»: Խորեն Աբրահամյանի տունը մոտ էր: Գնաց, իր «Վոլգան» բերեց, ու քառյակը ճանապարհվեց դեպի Սևան: «Ընկանք մի շրջապատ, որտեղ մեզ բոլորը ճանաչում էին: Հյուրասիրեցին, պատիվ տվեցին: Վերջը, ոչ մի կոպեկ չծախսած` գիշերվա 3–ին հարբած եկանք տուն»:

Առավոտյան կնքահայրը հիշեց քահանայի խոսքերը` հաջորդ օրը լվացվելիս ջուրը պետք է թափել այնպիսի տեղ, որտեղ ոտք չի կպչի: «Զանգեցի Լուսյային` Խորիկի կնոջը: Հարցրի, ասաց` տարել, պատի տակ եմ լցրել: Դովլաթյանն էլ էր կատարել Տեր հոր խոսքը: Ֆրունզին եմ զանգում, տուն չի եկել: Երեկոյան կողմ նորից զանգեցի: Տանն էր: Հարցրի` որտե՞ղ ես լվացվել, ջուրն ի՞նչ ես արել: Չէր հիշում: Ջղայնացա` էլի գնացել, մի տեղ խմել ես: Ասաց` քավոր ջան, ես ուշադիր լսել եմ` տերտերն ինչ է ասել, խմելու մասին ոչ մի վատ բան չի ասել»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League