Հայաստանի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Ռուսաստան
POLITICSՀայաստանի Հանրապետության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնության Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) հրավերով այցելել են Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից, Մոսկվայում Կենտրոնի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ Կառավարության վերլուծական կենտրոնի, ՌԴ տնտեսկան զարգացման նախարարության, Համաշխարհային բանկի, Սբերբանկ, WorldSkills Russia, ՌԴ Առաջնորդների ակումբի գործընկերների հետ, ում հետ քննարկվել և նախանշվել են համագործակցության բազմաթիվ ուղղություններ:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՍՊՏՖ) շրջանակներում ՌՆԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է «Հայաստանի զարգացման ուղղությունները. ռեֆորմներ և նոր հնարավորություններ» թեմայով զեկույցը, որում անդրադարձել է երկրում իրականացվող բարեփոխումներին, ներդրողների և գործարարների համար ստեղծվող նոր հնարավորություններին: Հատկապես շեշտադրվել է Հայաստանի դերը որպես ԵԱՏՄ, ԵՄ, Իրանի և Մերձավոր Արևելքի շուկաներ մուտք գործելու հնարավորություն, ինչպես նաև ընդգծվել Հայաստանի ներուժը բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգետիկա, գյուղատնտեսություն և ագրոարդյունաբերություն, զբոսաշրջություն, կրթություն, հանքարդյունաբերություն, ֆինանսներ և բանկային գործ, դեղագործություն և այլն:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասնակից գործարար, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սանկտ Պետերբուրգում նաև համապարփակ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ռուսաստանի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության միջև:



