Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ
POLITICSՊետերբուրգյան Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հունիսի 2-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետություն-Իրան երկկողմ տնտեսական հարաբերությունների ռեգիոնալ համագործակցության շրջանակներում Հայաստան-Իրան փոխգործողությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան առևտրի ազատականացման բանակցությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն արձանագրել են թե՛ առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակը, թե՛ հետագա համագործակցության առավել խորացման հեռանկարը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ առկա ծրագրերը և առաջնահերթությունները, տարածաշրջանային ծրագրերում համագործակցության շարունակությունը և մի շարք այլ հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները:



