Երևանի անցյալը, ներկան ու ապագան ամփոփվել են մեկ էքսպոյում
SOCIETYԵրևանի անցյալը, ներկան ու ապագան`մեկ էքսպոյում. «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում անցկացվեց «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության և քաղաքաշինական նախագծերի էքսպո: «Այստեղ ներկայացված են Երևանում վերջին տարիներին կառուցված և առաջարկվելիք նախագծերը: Մասնակցում են անհատ ճարտարապետներ, ստեղծագործական արվեստանոցներ, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն, «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Մասնավորապես, կհետաքրքրի «Հին Երևան» նախագիծը. մենք տարիներ հետո այն որպես իրականություն կտեսնենք: Կան այգիների բարեկարգման նախագծեր, որոնք արդեն իրականացված են, օրինակ`Կրպեյանի անվան զբոսայգին»,-Արմենպրես-ի փոխանցմամբ`նշեց ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանը:
Էքսպոն քաղաքաշինական ծրագրերի հաշվետվություն է քաղաքացիներին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին է ներկայացնում Երևանի քաղաքաշինական հայեցակարգերը։ «Առաջարկները, նախագծերը շատ են ու բավականին հետաքրքիր»,-շեշտեց ճարտարապետը:
Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Երևանի կենդանաբանական այգու արդիականացման ծրագիրը, ինչպես նաև Երևանի նորակառույց այգիների նախագծերը։
Էքսպոյին մասնակցեց նաև 360Stories-ը, որը Երևանին ծանոթանալու իր առաջարկն է ներկայացնում կայքի ու հավելվածի միջոցով: «Սկզբում ստեղծել ենք կայքը, նկարահանել ենք ամբողջ Երևանը, տարբեր վայրերը, հետագայում անցում կատարեցինք Հայաստանին և Արցախին: Քաղաքապետարանի աջակցությամբ ամեն տարի փորձում ենք հնարավորինս շատ փողոցներ թարմացնել` նկարահանումներ իրականացնելով: Մենք երկու տարի առաջ էինք սկսել նկարահանումները, բայց քաղաքի տեսքը պարբերաբար փոխվում է: Երևանի վիրտուալ թանգարան է, որտեղ մանրամասն կերպով ներկայացված է ամբողջ քաղաքը`կայքի և հավելվածի միջոցով»,-նշեց 360Stories -ի համահեղինակ Վահագն Մոսինյանը:



