Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ոլորտում փոփոխություններ չի ակնկալում
INTERNATIONAL NEWSՖրանսիայում նախագահական ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության ոլորտում դժվար է թե լինեն փոփոխություններ: Հայ-ֆրանսիական հարաբերություններին նվիրված ասուլիսին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է քաղաքական կոնսենսուսի վրա: Տեսանք, որ նորընտիր նախագահը առաջին կարեւոր քայլը կատարեց, այսինքն՝ քաղաքական թատերաբեմում առաջին անգամ ներկայացավ որպես Ֆրանսիայի նախագահ մեծ յոթնյակի հանդիպմանը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Պուտինի հետ հանդիպմանը:
Ֆրանսիայի քաղաքացիներն իրենց ձայները տվել են այնպիսի մի նախագահի, ով կողմնակից է բարեփոխումներին, եւ ում մոտեցումը հետեւյալն է՝ պահել Ֆրանսիան Եվրամիության կազմի մեջ»,-ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը՝ հավելելով, որ սա դեռ Ֆրանսիայի ամբողջական քաղաքական համայնապատկերը չէ, այդ փոփոխվող գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ Ֆրանսիան ընտրել է իր նախագահին, ունի նոր կառավարություն, սակայն օրենսդիր մարմինը դեռեւս չի ընտրվել: Ֆրանսիայի ընդհանուր քաղաքական դաշտն ավարտուն պատկեր կունենա հունիսի վերջերին:
Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ դրանք բավական խորն են, եւ վստահություն հայտնեց, որ հենց այդպիսին էլ կմնան:
«Մեր նպատակը պետք է լինի դրանք ավելի դինամիկ ու ակտիվ դարձելը, ավելի արդիականացնելը: Ողջ Ֆրանսիան համակրում է Հայաստանին, այդ բարյացակամությունը Հայաստանի նկատմամբ համատարած բնույթ ունի մեր երկրում»,-եզրափակեց Ֆրանսիայի դեսպանը:



