Թբիլիսից առևանգված ադրբեջանցի լրագրողը Բաքվում երեք ամսով կալանքի է դատապարտվել
INTERNATIONAL NEWS Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը: Այս մասին նրա փաստաբան Էլչին Սադիգովն ասել է ադրբեջանական Turan գործակալությանը:
Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին ներկայացվել է նոր մեղադրանք՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու հիմնավորմամբ:
Մուխտարլին ասել է, որ չի տեսել այդ սահմանապահին, և որ իրեն ձերբակալած անձինք եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով:
Սադիգովը տեղեկացրել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը:
Սաբաիլի շրջանային դատարանի դիմաց մայիսի 31-ին Մուխտարլիին ծափահարություններով է դիմավորել ակտիվիստների մեծ խումբ:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:
Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:
Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



