Հայկական դուդուկ, գորգագործություն, խոհանոց. ռուսական «Ավտո պլյուս» հեռուստաալիքով կցուցադրվի Հայաստանի մասին պատմող ֆիլմ
CULTURE
Զբոսաշրջային հոսքն ավելացնելու համար Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի ուղղությամբ սկսում է թիրախավորված զբոսաշրջային քաղաքականություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ակտիվ ծրագրեր են իրականացնում երկու ուղղություններով էլ:
«Նախ միջազգային ցուցահանդեսների մասին: Արդեն մասնակցել ենք Թեհրանում կայացած միջազգային ցուցահանդեսին, նախատեսում ենք մասնակցել Ռուսաստանում « Отдых» միջազգային ցուցահանդեսին: Արդեն քննարկումների մեջ ենք հայաստանյան մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ռուսական կողմի հետ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Էլեկտրոնային մարկետինգի շրջանակում Հայաստանը մասնակցել է Ռուսաստանում «Պրոֆի թրավել»-ի կողմից կազմակերպված էլեկտրոնային ցուցահանդեսին: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների, ընկերությունների, պետական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ ռուսական շուկայի լայն լսարանին ներկայացվել են մեր երկրի զբոսաշրջության ոլորտի հնարավորությունները, առանձնահատկությունները, հայկական զբոսաշրջային շուկայի կոնկրետ արդյունքները: Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ իրենց ծրագրերը բավական լավ արձագանք են ստացել:
«Ռուս զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն ստացավ Երևանում անցկացված «Գինու օրեր» միջոցառումը, այն համընկավ մայիսյան տոների հետ և այդ օրերին Ռուսաստանից Հայաստանի զբոսաշրջիկն ակտիվ հոսք գրանցվեց»,-ասաց նա:
Աշխատանքները շարունակվում են, այս տարվա ընթացքում Իրանի հետ ճանաչողական այցեր են կազմակերպվել: Նույնը սպասվում է Ռուսաստանի հետ: Արդեն նկարահանվել է Հայաստանի մասին պատմող ֆիլմ, որը կհեռարձակվի ռուսական «Ավտո պլյուս» հեռուստաալիքով: Հեղինակը ֆիլմում պատմում է հայկական դուդուկի, գորգագործության, խոհանոցի մասին:
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջային հոսք ունենալու համար ակտիվ աշխատանք է տարվում նաև այլ ուղղություններով: Մասնավորապես Ծոցի արաբական երկրների, հեռավոր արևելյան, ինչպես նաև եվրոպական և այլ երկրների ուղղությամբ: Առաջիկայում Ֆիլիպիններից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից սպասվում են լրագրողական ճանաչողական այցեր: Պայմանավորվածություն կա «Բրասլ էյրվեյս» ընկերության հետ Բրյուսելից, եվրոպական երկրներից լրագրողների ճանաչողական այց կազմակերպելու համար:
Մեխակ Ապրեսյանը նշեց նաև, որ շեշտադրում է արվում էլեկտրոնային մարկետինգի վրա, արդեն ակտիվացվում և նորացվում է Armenia.travel պաշտոնական ինտերնետային պորտալը:




















































