ՀՀԿ-ի շախը
POLITICSArmenia24.info-ն գրում է.
Մինչ այս գումարման խորհրդարանը, նախորդների պարագայում, իհարկե, 1998-ից հետո, ունեցանք որակական անկում իշխանական թևի մասով։ Ընդունված էր, որ հիմնական գրագետ զանգվածը ներկայացնում է ընդդիմությունը, իսկ իշխանությունը հիմնականում ներկայանում է ռազմական բյուրոկրատիայի և օլիգարխների տեսքով։ Իհարկե, իշխանությունն ունենում էր նաև ինտելեկտուալ դեմքեր, որոնք սակայն խուսափում էին ելույթ ունենալ։
Կամ հռետորական արվեստն էր բացակայում, կամ էլ ՝ երեսի տեղ չկար ու ամոթն էր խեղդում, եթե իհարկե, իշխանությանն ընդհանրապես բնորոշ է ամոթ երևույթը։
Այս խորհրդարանում, իհարկե, ռազմական բյուրոկրատիայի ներկայացուցիչները կամ օլիգարխիան չեն բացակայում խորհրդարանից, սակայն նրանց հետ զուգորդված ներառված են նաև այլ ՝ ինտելեկտուալ դեմքեր, որոնք բավականին նեղը կարող են գցել այսպես ասած ընդդիմադիր թևին։
Ասել կուզե, ընդդիմադիր թևի պոպուլիզմը և միայն հռետորության վրա հիմնված խոսքը կստանա ուժեղ հակադարձում։
Դրա նախադեպը տեղի ունեցավ երեկ, երբ Արման Սաղաթելյանն առաջարկեց ԵԼՔ խմբակցությանն այցելել նրանց սենյակ և հանգամանալից բացատրել քննարկվող օրենքի փոփոխությունները։
Սաղաթելյանն այս դեպքում բացառիկ չէ։
Իշխող ՀՀԿ-ն ունի այլ ինտելեկտուալներ ևս, որոնք պատրաստ են մոտենալ ամբիոնին և կառուցիկ ելույթ ունենալ։ Օրինակ ՝ Գևորգ Կոստանյանը։Սա անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք վերաբերվում այդ անձնավորությանը։
Այսինքն, ընդդիմությունը, այս խորհրդարանում չի կարող բավարարվել միայն պոպուլիզմով ու բարձրագոչ խոսքերով։
Նրանք պետք է աշխատեն իրականում, ինչից կարծում եմ ՝ հետ են վարժվել։
Ատոմ Ոսկանյան



