«Կասեմ, որ իրան շատ եմ սիրում». «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Սարի թաղի բախման գործով կալանավորվածների հարազատները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Պահանջը կրկին նույնն էր՝ տղաների ազատ արձակում: Սակայն այս անգամ նրանք եկել էին իրենց երեխաների հետ՝ հույս ունենալով, որ կառավարության շենքում գտնվողների խիղճը գուցե շարժվի:
Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը, եկել էր իր սկեսուրի և ամուսնու եղբոր աղջկա հետ: Մյուս կալանավոր Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը` դստեր հետ: Հրաչ Բոյաջյանի կինը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենց այստեղ գալու միակ նպատակը վարչապետին հանդիպելն ու նրան միջնորդությամբ հանդես գալու մասին խնդրելն է:
«Մենք ամեն տեղ գնացել ենք՝ և՛ դատախազություն, և՛ նախագահական, և՛ Ազգային ժողով: Մեր խնդրանքը Կարեն Կարապետյանին որպես երկրի երկրորդ գլխավոր դեմք այն է, որ նա միջնորդություն անի և ազատ արձակեն Սարի թաղի տղաներին: Դատական նիստերը անընդհատ հետաձգվում են: Վերջինը մայիսի 26–ին էր կայացել, հաջորդը կլինի հունիսի 13–ին»,– ասաց նա:
Հարցին, թե երեխաների հետ գալու նպատակը վերջինների խիղճը շարժելու նպատակ ունի՞՝ Հրաչ Բոյաջյանի կինը պատասխանեց, որ այո. «Թող պահեն երեխաներին: Խիղճ չունեն: Մեկ քար նետելու համար իրենք արդեն պատասխան տվել են: Մենք 25 օրից ավելի Դատախազության շենքի դիմաց ենք նստել: Ոչ մի փոփոխություն չեղավ, նույնիսկ ասվեց, որ հոդվածը չի փոխվելու: Թող պայմանական ազատեն, կհասկանան, որ սխալվել են»,– ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ են այսքան քիչ՝ Նարինե Ղազարյանը պատասխանեց, որ իրենց դեռ պիտի միանան: Միայն մի քանի հոգու ընտանիք չի մասնակցի: Ըստ նրա՝ վերջինները մտածում են, որ մեկ տարի է դուրս են եկել և ոչ մի օգուտ՝ տղաները դեռևս անազատության մեջ են գտնվում. «Իրենց չեմ մեղադրում, իրենց հույսը մարել է, մերը՝ դեռ ոչ: Սրտի սփոփանք է սա»:
Էդուարդ Զեյթունցյանի կինն էլ՝ Լալա Բեռնեցյանը, նշում է, որ իրենք անցած 11 ամիսների ընթացքում մոտ 140 հատ նամակ են ուղարկել և միանման լղոզված տեքստերով պատասխաններ ստացել:
«Ո՞ւմ ուղարկենք: Այն նախագահի՞ն, ով թքած ունի ժողովրդի վրա: Միայն վարչապետի նկատմամբ վստահություն կա, որ նա լուծում կտա և այս ընտանիքները չեն կործանվի: Եթե պաշտոնավոր անձանց տղաները ոստիկան ծեծեն, հաստատ չեն դատվի: Բայց էս տղաները ի՞նչ են արել, որ 5–10 տարի սռոկ ա հասնում: Մենք մեր տղաների ազատությունն ենք ուզում: Իրենք մեկ տարի անհիմն անազատության մեջ են գտնվում: Մենք ամեն օր նստելու ենք մինչև հոգնեն: Դավթյանն ինչպե՞ս հոգնեց: Կանչեց, մի բան խաբեց, ճանապարհեց»,– ասաց նա:
Հարցին, թե ամուսնու անազատության ընթացքում ինչպե՞ս են գոյատևում՝ Լալա Բեռնեցյանը պատասխանեց, որ հարևանների ու բարեկամների օգնությամբ. «Մեկուկես ամիս հոսանք չեմ ունեցել: Դիմել եմ թաղապետին, նա է վճարել: Իշխանության ներկայացուցիչներից որևիցե մեկի երեխեքը այդ պայմաններում ապրո՞ւմ են: Ես իմ ամուսնուն եմ պահանջում իրենցից: Էն, որ կերան իրենց կաշին, թող բավարարվեն դրանով: Եվ հետո, եթե բերդում լավ է, ընտանիքդ վերցրու, գնա մի հինգ օր նստի, այդ պայմաններում տես հնարավո՞ր է ապրել»,– ասաց նա:
Էդգար Զեյթունյանի դուստրը՝ 7–ամյա Անուշիկն էլ, ով մոտ երկու ամիս չի տեսել հորը, ասում է, որ միայն մեկ երազանք ունի. «Ուզում եմ, որ իմ պապան շուտ հելնի»: Հարցին, թե երբ հայրիկն ազատ արձակվի և տուն վերադառնա, ի՞նչ կասես իրեն՝ փոքրիկը պատասխանեց՝ կասեմ, որ ես իրան շա՜տ եմ սիրում: Կառավարության շենքի դիմաց կանգնած մնալու ընթացքում այդպես էլ ոչ ոք չմոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին: Դրանից հետո ձերբակալվածների հարազատները քայլեցին դեպի Դատախազության շենք, իսկ այնուհետև դեպի Արտաքին գործերի նախարարության շենք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



