Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի շաբաթօրյակի մեկնարկը տրվեց Գավառ քաղաքում կազմակերպված ծառատունկով
SOCIETYԳեղարքունիքի մարզի բոլոր համայքներում առավոտվա ժամը 9-ից տրվել է «Մաքուր Հայաստան» ծրագրով նախատեսված շաբաթօրյակի մեկնարկը, որին մասնակցում են մարզի բոլոր կազմակերպությունների աշխատողները, համայքների բնակիչները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ շաբաթօրյակի մեկնարկը տրվեց Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի բակից, որտեղ կազմակերպված ծառատունկին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի աշխատակիցները:
«Մարզի ողջ տարածքում այս պահի դրությամբ սկսված է շաբաթօրյակը, որում ներգրավված են բոլոր կազմակերպությունները: Բացի սանիտարական մաքրման աշխատանքներից, մարզում իրականացվում են նաեւ կանաչապատման եւ ծառատնկման աշխատանքներ: Սա շատ կարեւոր միջոցառում է, եւ կարծում եմ, որ նման միջոցառումները պետք է ամենօրյա բնույթ կրեն: Կփորձեմ հասնել դրան՝ նման միջոցառումները դարձնելով նաեւ միասնության եւ համախմբման տոն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
Մարզկենտրոնի, մարզի մյուս քաղաքների ու գյուղերի բոլոր փողոցներում, թաղամասերում, վարչական տարածքներում ընթանում են սանիտարական մաքրման, աղբահեռացման, ծառատնկման եւ կանաչապատման աշխատանքներ:
Խոսրով Խլղաթյան



