Կաննի կինոշուկայում մեծ հետաքրքրություն է առաջացրել Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարը
CULTURE
2017 թվականի Կաննի կինոշուկայում կինոարվեստի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել է հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարը:
«Այս տարի մեր տաղավարը մեծ ոգևորություն է առաջացրել Կաննում: Մենք շեշտը դրել ենք Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարի վրա. ֆիլմը նկարահանելու համար գումար է անհրաժեշտ: Պետությունը խոստացել է աջակցել ֆիլմի ստեղծմանը, իսկ Կաննում այդ կապակցությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:
Նրա խոսքով` Հայաստանի պատվիրակությունը դեռ չի վերադարձել կինոշուկայից, սակայն հեռախոսային կապի միջոցով պարզ դարձավ, որ պատվիրակությունը մի շարք առաջարկներ է ստացել, որոնց մասին դեռ կբարձրաձայնի:
Մեր երկիրը ներկայանում է Village International/Pantiero հատվածում` N226 տաղավարում` օտարներին ծանոթացնելով մեր կինոարտադրությանը: Ներկայացվում է նաև նոր օրենքը, որի համաձայն` Հայաստանում ֆիլմեր նկարահանող օտարերկրյա ներդրողներին կվերադարձվի 20 տոկոս հետվճար:




















































