Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Ստալինյան բռնաճնշումների տարիների կրկնություն Ադրբեջանում

INTERNATIONAL NEWS

Արցախաադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններն ինչպես բուն ռազմական գործողությունների միջոցով որոշ նպատակների իրականացում էր հետապնդում, այնպես էլ ուներ քարոզչական բնույթ: Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։

Նրա կարծիքով, սակայն, բուն ռազմական նպատակների մասին հստակ դատողություններ անելը դժվար է, քանի որ չկան անհրաժեշտ փաստական հիմքեր, այդ թվում՝ ադրբեջանական գլխավոր շտաբի համապատասխան փաստաթղթերը, բայց ենթադրություններ անել հնարավոր է՝ հասկանալու, թե իրականում որն էր օրերս տեղի ունեցած հերթական ագրեսիայի նպատակը։

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ցանկանում է ռազմաճակատային իրավիճակը էսկալացիայի նոր մակարդակի հասցնել։ Ինչու ոչ՝ նաև ստուգել հայկական կողմի զգոնությունը։ Բացի այդ՝ ստուգել նաև, թե անցյալ տարվա ապրիլյան դեպքերից հետո հայկական կողմն ինչպես կարձագանքի իրավիճակի հերթական լարմանը՝ լռելո՞վ, թե՝ հակազդելով։ Ինչ վերաբերում է քարոզչական նպատակներին, ապա Ադրբեջանի այդ նախահարձակ լինելը, բնականաբար, մեծ ոգևորությամբ ընդունվեց իրենց բնակչության և ակտիվ, համացանցաբնակ օգտատերերի շրջանում»,– ասաց փորձագետը։

Այդ ակտիվությունը Է. Էլբակյանի դիտարկմամբ պայմանավորված է նրանով, որ հարևան երկրում քարոզչական աշխատանքը պետականորեն ուղղորդված բնույթ ունի, և այս քայլը բավականին լավ էր «տեղավորվում» իրենց քարոզչական պլանների մեջ, այն է՝ ցույց տալ, որ իրենք ուժեղ են, սահմանային իրադրության տեր–տիրականն են, իսկ հայերը թույլ են։

Հաջորդ օրը հայկական կողմից Ադրբեջանի ռազմական ուժերին հասցված պատասխանը, և հետո արդեն պատժիչ գործողությունների որակյալ և գունավոր տեսաձայնագրությունների տարածումը միանշանակ համոզիչ էին, սակայն ադրբեջանական որոշ օգտատերեր այնուամենայնիվ դրանց մասին կրկին սկսեցին սուտ տեղեկություններ տարածել։

«Շատերն իշխանությունների պատվերով, շատերն էլ անկեղծորեն պնդում էին, որ դրանք իրական կադրեր չեն, մոնտաժված են, թեպետ ակնհայտ էր, որ գործողություններն իրականացվել են այն տեղանքում, որի մասին խոսվում էր։ Կարող եմ ասել, որ սրանով Ադրբեջանը լուրջ նպատակների չհասավ և ստացավ լուրջ հակահարված, բայց ռազմական էսկալացիան նոր մակարդակի հասցրեց։ Ինչ վերաբերում է քարոզչական նպատակներին, ապա այո՛, բնակչության մի որոշ հատվածի միգուցե ևս մեկ անգամ կարողացան ոգևորել և համոզել, որ իրենք են սահմանի տեր–տիրականը»,– ասաց Է. Էլբակյանը։

Բնակչության մի այլ հատված, ովքեր համեմատաբար ավելի ադեկվատ են, բայց հասկանալի պատճառներով այնքան էլ ակտիվ չեն համացանցում,ամենայն հավանականությամբ հիասթափվեցին՝ հասկանալով, որ իրականությունն ամենևին էլ այնպիսին չէ, ինչպես որ իշխանությունները մատուցում են իրենց։

Խոսելով ադրբեջանական զինված ուժերի կողմից սեփական դիրքերը գնդակոծելու մասին՝ փորձագետը նշեց, որ հարևան երկրի կողմից հայկական կողմի տարածած այս տեղեկությունը հերքելու փորձեր չեղան։ Փոխարենը փորձեցին առիթն օգտագործելով «կծել» հայկական կողմին՝ հայտարարելով, որ հայերն ականանետը նռնակից չեն տարբերում։

«Ամեն դեպքում շատ կարևոր է, որ հայկական կողմը չտրվի այն մոլորությանը, թե ադրբեջանական կողմը թույլ, «ոչխար» և ոչ պատերազմող է։ Շատ կարևոր է հասկանալը, որ իրենց բանակը 90–ականների բանակը չէ։ Եվ այս ամենն իմանալով՝ պետք չէ նաև թերագնահատել սեփական ուժերն ու խուճապի մատնվել։ Ավելի կարևոր է հակառակորդի իրական հնարավորությունները ճիշտ գնահատել»,– ասում է Է.Էլբակյանը։

Խոսելով մայիսի 7–ին տարածված տեղեկության մասին, ըստ որի ադրբեջանական բանակի 45 կադրային զինվորականներ մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ՝ նշեց, որ այս պահին արդեն շրջանառվում է 4–5 կոնկրետ մարդու անուն, որոնք սպանված են, իսկ մեկ երկուսին դեռ հարցաքննում են։

«Ձերբակալվածներին առանց դատ–դատաստանի հարցաքննում են և նույն սկզբունքով էլ սպանում։ Շատերին հուղարկավորում են գերեզմանատներից դուրս տարածքներում և բոլոր առումներով անմարդկային պայմաններում։ Դեպք է եղել անգամ, որ սպանվածի երեխային են դպրոցից հեռացրել։ Այսինքն՝ Ադրբեջանի իշխանություններն այնպիսի քայլեր են իրականացնում, որոնք մեզ հիշեցնում են ստալինյան բռնաճնշումների տարիները։ Եվ դա տեղի է ունենում ավանդական դարձած տեղեկատվական վակուումի պայմաններում»,– ասաց Է.Էլբակյանը։

Իհարկե, հայկական կողմը պաշտոնապես արդեն հայտարարել է, որ զինվորականների զանգվածային ձերբակալման «հիմքերը» սուտ են, և նման տեղեկությունը ադրբեջանական կողմի հորինած հերթական սադրանքն է։ Իսկ տեղի հասարակության մի մասը կարծում է, որ այս քայլով Իլհամ Ալիևը հերթական անգամ փորձում է ազատվել իր համար անցանկալի անձանցից, մյուսներն էլ այլ կերպ են մեկնաբանում կատարվածը։

«Կա նաև տեսակետ, որ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններից առաջ Ալիևը փորձում է ազատվել այն գործակալական ցանցից, որը երկրում ձևավորել են արտաքին ուժերը։ Եվ այս առումով շատ հաճախ հիշատակվում է Ռուսաստանի Դաշնության անունը, ու շատերը սրանում ռուսական հետք են տեսնում»,– ասում է Է. Էլբակյանը։

Կան նաև անպատասխան հարցեր, թե ինչու հիմա, ինչու Թարթառի հատվածում և այլն։ Սրանք հարցեր են, որոնք հետաքրքիր են նաև հայկական կողմի համար, բայց շատ ադրբեջանցիների կարծիքով՝ դավաճաններին պետք է օրենքով պատժել և ոչ թե ինքնադատաստանով սպանել։ Հարցի շուրջ կա նաև աղմուկ, կան նաև սպանվածների հարազատների կողմից ներկայացվող դիմումներ, բաց նամակներ՝ ի պաշտպանություն սպանված և տուժած իրենց հարազատների։ Բայց ինչպես ասում են, աղմուկն այսքանով ավարտվում է, իսկ դրանից ավելին սպասելը պարզապես անիմաստ է։

Խոսելով Ռուսաստանում գործող ադրբեջանական կազմակերպություններից մեկի փակման որոշման մասին՝ փորձագետն ընդգծեց, որ դժվար է նախորդ երկու իրադարձությունները կապել այս մեկի հետ, քանի որ սա վաղուց մեկնարկած գործընթաց է եղել։

«Այս հարցը կարող ենք դիտարկել որպես ռուսական կողմից Ադրբեջանին ինչ–ինչ մեսիջներ հասցնելուց մինչև Ռուսաստանում ներադրբեջանական տարբեր խմբավորումների միջև առկա հակասությունների հետևանք։ Այնպես որ, սա ավելի երկար պատմություն ունի, քան նախորդ երկուսը, և միմյանց միջև որևէ ուղղակի կապ չկա։ Ինչ վերաբերում է զինվորականների ձերբակալություններին և սահմանային լարվածությանը, ապա այո՛, այստեղ կապ կարող է լինել։ Ձերբակալությունների թեման ինչ–որ տեղ ստվեր նետեց իրենց բանակի վրա, և չենք կարող բացառել, որ հայկական ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելը սեփական բանակի իմիջը բարձրացնելու նպատակ էր հետապնդում։ Չի կարելի բացառել նաև, որ այս երկու քայլերը մեկ այլ՝ երրորդ մեծ խաղի պլանավորման մաս է, որի մասին մենք ուղղակի տեղյակ չենք»,– ասաց Է. Էլբակյանը։

Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ ևս։ Փորձագետի տեղեկացմամբ Ադրբեջանում շարունակում է անկայունանալ տնտեսությունը։ Եվ պետք է արձանագրել, որ ներկայի Ադրբեջանն այլևս 2010–12 թվականների երկիրը չէ, երբ նավթադոլարներով կարողանում էր հոխորտալ բանակցությունների ժամանակ։ Հիմա մենք գործ ունենք բոլորովին այլ Ադրբեջանի հետ։ Պետք է արձանագրել նաև, որ վերջին դեպքերից հետո թեև Մինսկի խմբի համանախագահներն ու ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հստակ նշեցին, թե որ երկիրն է իրականում նախահարձակ եղել, բայց սրանք Ադրբեջանին զսպող գործիքներ չեն։ Եվ դրանք ապրիլյան դեպքերի նման հարձակում չկազմակեպելու ոչ մի երաշխիք չեն կարող լինել, քանի որ միջազգային կառույցների կողմից այլ մակարդակի ավելի լուրջ ճնշում չկա Ադրբեջանի վրա։

«Այսօր, երբ մարդկանց հանդեպ առանց դատ ու դատաստանի հաշվեհարդար են տեսնում և նրանց նվաստացուցիչ պայմաններում անհիշատակ ձևով հողին են հանձնում, որով խախտում են մարդու ամենատարրական իրավունքները, որևէ միջազգային կամ ինչու ոչ՝ հայկական իրավապաշտպան կազմակերպություն հրապարակայնորեն չի քննադատում Ադրբեջանին, էլ ուր մնաց կառավարությունների և միջազգային կազմակերպությունների մակարդակով քննադատություն հնչեցնելը։ Եվ այս ամենի ֆոնին պետք է հասկանալ մի շատ կարևոր բան։ Ադրբեջանը որդեգրել է ռազմական անորոշության քաղաքականությունը, որի գերագույն նպատակն է խճճել իրավիճակը, որպեսզի հայկական կողմը չկարողանա կռահել, թե հարձակումը որ պահին և որտեղից է լինելու»,– ասաց Է. Էլբակյանը։

Կարևորելով հայ հասարակությանն իրազեկված պահելու հարցը՝ փորձագետն ընդգծեց, որ երբեք պետք չէ մոռանալ, որ մենք շարունակում ենք պատերազմի մեջ լինել։ Ուստիև պետք է գիտակցել, որ մենք պատանիներին ոչ թե սովորական, այլ՝ պատերազմող բանակ ենք ուղարկում, և պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած որակի զարգացումների։

Արմինե Գրիգորյան

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network