Yerevan, 20.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այսքան տարիք կա ուսերիս դրված, բայց ես թույլ չեմ տա ինձ այնպես պահել, ինչպես իրենք. Գուժ Մանուկյանը՝ նոր կերպարի, ժամանակակից երիատասարդության և բարքերի մասին

PHOTO

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանն է, ով շուտով կրկին հեռուստադիտողին կներկայանա էկրաններից: 

-Պարոն Մանուկյան, Ձեզ շուտով նորից կհանդիպենք սերիալում: Կմանրամասնե՞ք

-Այո, սերիալը կոչվում է «Վերջին հայրիկը», ցուցադրվելու է ATV հեռուստաընկերությամբ: Սցենարիստը Անահիտ Մխիթարյանն է: Պապիկի կերպարն եմ ներկայացնում, տղայիս՝ Դավիթի դերում Վարդան Հովսեփյանն է: Կերպարիս անունը Ռուբեն է, թոռնիկիս կերպարի անունը՝ ևս, սցենարը գրելիս Անահիտը թղթի վրա գրում է «Ռուբեն մեծ», «Ռուբեն փոքր» (ծիծաղում է): «Վերջին հայրիկը», ինձ թվում է, Դավիթն է, ով 12 տարի բանտում անցկացնելուց հետո հայտնվում է իր տղայի կյանքում… «Թոռանս» մայրը, կոպիտ ասած՝ «դուրս ընկած» է եղել, սիրեկանը տունը վաճառել է, ինքն էլ իր որդուն նամակ է թողել և ինքնասպանություն գործել: Երեխայի համար դա սթրես է, քանի որ շուրջբոլորը, դպրոցում ծաղրում են… Դեռևս 5-6 օր ենք նկարահանվել: Սերիալը շատ է տարբերվում ֆիլմից, ֆիլմի դեպքում ի սկզբանե գիտես, թե ինչ զարգացումներ են լինելու, իսկ սերիալի դեպքում այդ մասին, հավանաբար, միայն սցենարիստն է իմանում: Այդ պատճառով շատ մանրամասների չեմ տիրապետում…

-Նախորդ՝ «Հարազատ թշնամի» սերիալում էլ պապիկի կերպարով էիք հանդես գալիս: Շա՞տ եք տարբերվում նախորդ «պապիկից»:

-Դե, նորից դրական պապիկ եմ, ով նվիրված է իր տղային ու թոռանը: Սցենարիստից խնդրել եմ, որ հոգեբանական տեսարաններ լինեն, ես նման կերպարներ եմ սիրում ներկայացնել, դա իմն է: Դեռևս նկատում եմ սցենարում այդ նրբությունները, հոգեբանորեն խաղալու հնարավորություններ կան: Իհարկե, դեռևս չեմ տեսել, թե ինչպես է ստացվել նկարահանումը, բայց առայժմ ինձ գոհացնում է և սցենարը, և մթնոլորտը:

-Որքան հիշում եմ, տարիներ առաջ նկարահանվել եք նաև «Որոգայթ» սերիալում: Սերիալի հիման վրա վերջերս նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ: Այստեղ և՞ս ընդգրկված եք:

-Այո, «Որոգայթ» սերիալում նկարահանվել եմ, բայց ֆիլմում նկարահանվելու առաջարկ չեմ ստացել: Բայց դա իրենց գործն է, ես իմ աշխատանքն ունեմ: Եթե պետք լինեմ՝ կգտնեն ինձ…

-Բեմական գործունեությունի՞ց ինչ նորություններ ունեք:

-Բացի այն, որ զբաղված եմ Դրամատիկական թատրոնում, նաև Ժան Նշանյանը բեմադրություն է պատրաստում, կոչվում է «Անբանները»: Այդտեղ երիտասարդ տղաների հայր եմ…Ասմունքի շրջանակներում շուտով 100-րդ տարելիցին նվիրված փառատոնը կսկսենք, որի ընթացքում երեխաները Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի գործերն են ներկայացնելու:

-Պարոն Մանուկյան, Ձեր մասնակցությունը ցանկացած սերիալի, նախագծի լրջություն է հաղորդում, նաև՝ դիտողականություն ապահովում:

-Շնորհակալ եմ: Իսկապես, դրսում էլ զգում եմ, որ մարդիկ ոգևորված են դիտում այդ նախագծերը, մոտենում են, ասում այդ մասին, առողջություն մաղթում` լինի տաքսու վարորդ, խանութի աշխատող, թե պարզապես անցորդ: Հավանաբար, ինչ-որ լավ բան կատարվում է, որ հանդիսատեսն ինձ այդպես է ընդունում: Մեր աշխատանքի միակ գնահատականը մարդկանց վերաբերմունքն է, սերը: Այսպես ասած՝ սա մեր միակ «քյարն» է (ծիծաղում է):

-Նաև մեր երիտասարդ դերասանների համար շատ կարևոր, օգտակար է Ձեզ պես արտիստների կողքին աշխատելը: Ի՞նչ եք կարծում, հե՞շտ է Ձեզ հետ աշխատելը:

-Երևի: Վերջերս այս սերիալի սցենարիստն ասաց, որ բոլորն ասում են՝ Գուժի հետ այնքա՜ն հեշտ է աշխատել: Կարծում եմ, պատճառն այն է, որ ես մեծամիտ մարդ չեմ: Ներկա պահին նաև երեխա խաղըներ ունեմ, երբ տեղը գալիս է, իրեն սիրով մատնանշում եմ, որ եթե այս կամ այն բան այսպես անի, շատ ավելի լավ կլինի: Եվ երեխան լսում է: Իսկ եթե կոպիտ վերաբերես՝ իմացածն էլ կմոռանա: Երիտասարդների հետ աշխատելով՝ երբեմն նկատում եմ, իրենց այնպես են պահում նկարահանման հրապարակում, որ ապշում ես. այսքան տարիք կա ուսերիս դրված, բայց ես թույլ չեմ տա ինձ այնպես պահել, ինչպես իրենք: Այնպիսի պահանջներ են ներկայացնում, նույն տեսարանը, նույն նախադասությունը երկրորդ անգամ չեն կրկնում. Բայց ինչո՞ւ, եթե դերասան ես՝ կրկնի, ի՞նչ կա դրանում: Չէ՞ որ արդյունք պետք է ստանալ, այնքան կրկնի, մինչև ցանկալի արդյունքը լինի:

 

-Կարծում եմ, այստեղ ոչ միայն մասնագիտական խնդիր է, այլ նաև՝ մեծամտության: Դա մարդու տեսակ է:

-Դա էլ կա, իհարկե: Այդպիսի մարդիկ մի փոքր գործ են անում թե չէ, իրենց թվում է՝ գագաթնակետին են: Բայց այդպես չի, մենք հարյուրավոր դերեր ենք խաղացել, բայց մի անգամ չենք մտածել՝ «աստղի» համբավ ունենալ, ինչպես երգիչ-երգչուհիները: Բոլորին «աստղ» են համարում: Գուցե իրենք իրենց այդպիսին չեն համարում, բայց ուրիշներն են համարում: Եվ գիտեք, դրանում մեղավոր է հենց շրջապատը, քանի որ մարդուն գայթակղեցնում է նման բառերով: Բայց ինչո՞ւ, դու քո աշխատանքն ես անում, քո գործը, ինչի համար որ կոչված ես: Ուրիշ բան, որ մարդիկ ուղղակի մոտենում են, լավ խոսքեր ասում, գնահատում, բայց այլ բան է, երբ «աստղեր» են դարձնում… Մեր ոլորտը բարդ է, եթե ընտրել ես այս ճանապարհը, պետք է դիմանաս և՛ քննադատությանը, և՛ գովեստին՝ երբեք քիթդ վեր չբարձրացնելով: Ես այդպես եմ ապրում:

-Միգուցե շատերի համար «քիթը վեր բարձրացնելու» պատճառ է հանդիսանում այն, որ գրեթե ոչինչ չարած՝ համալրում են վաստակավոր արտիստների շարքերը՞: Վերջին շրջանում «բաժանված» կոչումներին ինչպե՞ս եք վերաբերում:

-Իմ կոչումներն այնքան վաղուց են եղել, որ հիմա այլևս չեմ հետևում ու հետաքրքրվում, թե ի՞նչ է տեղի ունենում: Անկեղծ ասած՝ կոչումը ոչինչ չի տալիս, պարզապես, երբ նայում ես շուրջբոլորդ ու տեսնում, որ աննշանը ստանում է, իսկ դու ավելի արժանի էիր՝ ինքնասիրությունդ մի քիչ վիրավորվում է: Եթե վաղուց ստացած չլինեի իմ կոչումներն ու հիմա տային, երևի թե հրաժարվեի: Հոլիվուդյան «գիգանտ» դերասաններ կան, կոչումներ ունե՞ն: Իհարկե ոչ, չունեն պետական մրցանակներ ու կոչումներ, բայց շատ լավ են ապրում, շատ գումար ունեն, դերեր ընտրելու հնարավորություն: Իսկ մեր փոքրիկ երկրում չնչին քանակով ֆիլմերի մեջ դերից հրաժարվել չի կարելի, տարիներդ կկորցնես: Դերասանի գործը խաղալն է, իսկ դերերը մեզ մոտ «թափված» չեն, որ նրանց մեջ ընտրություն կատարես, դերից հրաժարվես: Հրաժարվեցիր՝ վերջացավ, տարիներդ գնացին: Իսկ այն, ինչ կարող ես անել այսօր՝ վաղը չես անի: Աղջիկս երբեմն վիրավորվում է, ասում է՝ ինչո՞ւ են քեզ պապիկի դերեր տալիս: Որոշ տեղեր նույնիսկ «պապիկ» բառը հանում ենք, որ նա չնեղվի (ժպտում է): Բայց դե ինչ արած, տարիքդ արդեն պապիկի է, հետո ինչ, որ քեզ երիտասարդի պես ես պահում ու տարիներդ չես երևացնում: Սպիտակ մազերդ էլ հո չե՞ս կարող թաքցնել: Տարիքը դեր է խաղում: Չնայած՝ ժամանակին այնպիսի՜ դերեր եմ խաղացել…

-Փաստորեն, դեր ստանալիս երբեք ընտրություն չեք կատարում, այլ փորձում եք Ձեր տեսակով կերպարին հասունացնել ու հարստացնել:

-Այնպես չի, որ քեզ մի քանի սցենար են առաջարկում ու պետք է ընտրես: Չկա այդքան սցենար: Նույնիսկ պատրաստի սցենար չկա, ուղղակի բանավոր ծանոթացնում են, թե ինչ է լինելու: Նյութն աչքիդ առաջ պետք է լինի, որպեսզի տեսնես, թե ինչ ես ներկայացնելու, ինչ երկխոսություններ ես ունենալու, որքանով է գրագետ կամ անգրագետ: Խոսքս այս սերիալի մասին չէ, բայց որ տեսնեք, թե երբեմն ինչ սցենարներ եմ ստացել ու վրանները որքան ուղղում եմ կատարել՝ կշշմեք: Գրված «գրականությունը» ստիպված եմ լինում դարձնել կենդանի խոսք: Էկրանին անկենդան խոսքը, ձևական պահվածքը այնպես է «զռում», որ հեռուստադիտողն անմիջապես նկատում է: Պետք է շատ իրական լինել և՛ էկրանին, և՛ բեմում:

-Միգուցե դերասանի, սցենարիստի, ռեժիսորի, այսպես ասած, (школа)-ի խնդի՞ր կա: Չե՞ք ցանկանում Ձեր դպրոցը բացել:

-Ինձ բոլորն ասում են այդ մասին, բայց դրա համար տարածք, պետական աջակցություն է պետք: Քաղաքապետին ասել եմ՝ ինձ տարածք հատկացրեք, որ իմացածս «հետս չտանեմ»: Տարոն Մարգարյանը խոստացավ, բայց առայժմ լռում է… Իսկ տարիքս թույլ չի տալիս սպասել: Այնպես որ, շտապե՛ք, սիրելիներս, հատկացում անել, որ քանի մեջս ուժ կա՝ կարողանամ օգտագործել ի փառս մեր երիտասարդության:

-Որպես հայ մշակույթում մեծ ավանդ ունեցող ժողովրդական արտիստ՝ Ձեզ գնահատված զգո՞ւմ եք, թե՞ հաճախ եք զայրանում Հայաստանում տիրող բարքերից:

-Երբեմն պատահում է, որ նեղվում եմ, մտածում՝ թողնեմ ու հեռանամ այս երկրից: Արդեն այդ աստիճանի է հասնում… Հատկապես զայրացած եմ ճանապարհային երթևեկության պահով. այդքն տուգանքներ, որ «մեզ վրա» են գալիս, անհարիր է, չի՛ կարելի: Գոնե անվանդ, քո արածների համար ամեն «հիմար» բանի համար չի կարելի «պատժել» այս դեպքում՝ վարորդ Գուժ Մանուկյանին: Ես այնքա՜ն վիրավորված եմ: Իսկապես, չի՛ կարելի բոլորին նույն «արշինով» չափել, աշխարհում այդպես չի լինում: Իսկ մեզ մոտ հաշվի չեն առնում՝ ով ես, ով չես: Այս մոտեցումը շատ սխալ մոտեցում է:

-Դա կարո՞ղ է Ձեզ ստիպել՝ մտածել Հայաստանից հեռանալու մասին:

-Ոչ, հիմա արդեն ուշ է: Եվ հետո, եթե հեռացող լինեի՝ շատ հնարավորություններ եմ ունեցել, վաղուց հեռացած կլինեի: Ուղղակի վիրավորական է, որ չեն գնահատում այն, ինչ ունեն: Այ եթե գնաս, այնքա՜ն կգնահատեն, կգովերգեն… Ղափլանյանն ասում էր՝ գնա մեռի, արի սիրեմ, «մեռել» սիրող ազգ ենք դարձել… Հավատացեք, եթե դրսում լինեի ու հյուր գայի, 75-ամյակս ավելի շուքով կտոնեին, Օպերայի դահլիճը կտրամադրեին: Բայց հիմա այդպես չի, քանի որ «տեղում» ես, ասում են՝ դե մերն է էլի: Բավական է մեկնես ԱՄՆ ու գաս. օ՜, «վերևներից» կընդունեն քեզ, այնպե՜ս կընդունեն, կգովերգեն, այնպիսի բաներ կգրեն քո մասին..

-Բայց ես նկատել եմ, որ դուք չեք սիրում շատ երևալ, հարցազրույցներ տալ:

-Այո, ես «փախչում» եմ հարցազրույցներից, երևի առաջին անգամ եմ այսքան երկար խոսում (ժպտում է): Բայց խոսքս բարքերի մասին էր… Մի բան գիտեմ, դերասանը պետք է մի քիչ իրեն հարգի, ամեն տեղ չերևա: Ես մեծամասամբ հրաժարվում եմ՝ գտնելով, որ հանդիսատեսը պետք է դերասանին կարոտի, ոչ թե անընդհատ «մտնես» հանդիսատեսի աչքի մեջ՝ մի քանի ասպարեզում երևալով՝ երգելով, պարելով, հաղորդավարություն անելով: Չի կա-րե-լի: Դա իմ կարծիքն է, իմ հավատամքը:

-Պարոն Մանուկյան, հետաքրքիր է, ժողովրդական արտիստի՝ սերիալներից վաստակած հոնորարը տարբերվո՞ւմ է երիտասարդների ստացածից:

-Ես կարծում եմ, կոչումը բնավ կապ չունի այստեղ, դա մարդու անունն է ու մասնագիտական հնարավորությունը: Բայց ասեմ, պատահել է՝ զգացել եմ, որ ինձ ավելի քիչ են վարձատրել նույն սերիալում խաղացող մի քանի հոգուց: Նման բան եղել է:

-Դա չի՞ բարկացրել:

-Բարկացրել է, բայց ես մատների արանքով եմ նայում նման երևույթներին: Հո չե՞մ գնալու կռիվ անեմ: Հատկապես, որ իմ ամենաչսիրած բանն է վճարման մասին խոսելը: Մեկ-մեկ ինձ մեղադրում են՝ ասելով, որ այդ սովորության պատճառով քեզ «խաբում» են, կարող ես անվճար գնալ ու նկարվել: Բայց ի՞նչ անեմ, գնամ կռի՞վ անեմ… Այլ բան, որ մենեջեր ունենամ ու նման հարցերը նա լուծի, թե չէ ես շատ եմ նեղվում նման խոսակցություններից…

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Երկու աղջիկ ունեմ՝ մեկը բավական մեծ, մյուսը՝ բավական փոքր (ժպտում է). մեծ աղջիկս 40-ն անց է, թոռնիկ ունի: Իմ թոռնիկի և փոքր աղջկաս մեջ ընդամենը տարի ու կեսի տարբերություն է (ժպտում է): Փոքր աղջիկս 25 տարեկան է, աշխատում է Սահմանադրական դատարանում՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Մեծս Պարարվեստի ուսումնարանում պարուսույց է: Կինս բանասեր է, բայց այժմ աշխատանք չունի, տունը պահողը ես եմ…

-Դժվար չէ՞:

-Բավական դժվար է… Ծախսը բավական շատ է, ստանալիքդ՝ բավական քիչ:

 
 
 
 
Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data