Գրողների միության բարերարների պատվո տախտակին ամրագրվեց նաև գործարար Նվեր Մխիթարյանի անունը
CULTURE
Հայաստանի գրողների միության բարերարների պատվո տախտակին տեղ գտավ նաև գրող Մնացական Մխիթարյանի որդու՝ Ուկրաինայում բնակվող գործարար Նվեր Մխիթարյանի անունը: Նա տասը հազար դոլար է նվիրաբերել գրական մարաթոնի անցկացման կապակցությամբ: Պատվո տախտակի համալրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 24-ին Հայաստանի գրողների միությունում:
«Այս տախտակի վրա գրված են այն մարդկանց անունները, որոնք տարիների ընթացքում օժանդակել են գրողների միության գործունեությանը: Նվեր Մխիթարյանը առաջին անգամը չէ, որ աջակցում է մեզ: Մենք փորձում ենք ինչ-որ ձևով գնահատել նրանց»,-նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նվեր Մխիթարյանի քույրը՝ բանաստեղծուհի Անահիտ Մխիթարյանն ասաց, որ ինքն է եղբորը հայտնել կայանալիք գրական մարաթոնի մասին: «Նա ինձ մոտ որոշակի գումար էր թողել, երբ իմացավ նախաձեռնության մասին, ցանկացավ իր լուման ներդնել այդ գործում: Նվերը ծնվել և մեծացել է գրողի ընտանիքում և չի կարող անտարբեր լինել գրական իրադարձությունների հանդեպ»,-եզրափակեց նա:
Գրողների միության պատվո տախտակի վրա ամրագրված են նաև բարերարներ Արա Աբրահամյանի, Հրանտ Սիմոնյանի, Օքրո Օքրոյանի, Թորգոմ Փոստաճյանի անունները:




















































