Թուրքիան կարող է ստանձնել Իդլիբում անվտանգության գոտու և հրադադարի պահպանման վերահսկողությունը
INTERNATIONAL NEWSԱստանայում մայիսի սկզբին կայացած սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցություններում Թուրքիային` որպես հրադադարի երաշխավոր երկրի առաջարկվել է ստանձնել Իդլիբում անվտանգության գոտու վերահսկողությունը: Այս մասին թուրքական աղբյուրին հայտնել է երկրի փոխնախագահ Վեյսի Քայնաքը:
Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, Անկարան դրականորեն է արձագանքել Իդլիբն իր վերահսկողության տակ առնելու առաջարկին: Սակայն չի նշվում, թե որ կողմն է եղել առաջարկի նախաձեռնողը: Ինչպես հայտնի է, Թուրքիայի հետ միասին Ռուսաստանը և Իրանը ևս հանդիսանում են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորները:
Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին հուշագիրը երեք երկրի ներկայացուցիչներն ստորագրել են մայիսի 4-ին: Փաստաթղթի համաձայն` Իդլիբը, որտեղ վերահսկողություն է իրականացնում ընդդիմությունը, առաջին դեէսկալացիոն գոտին է դարձել:
Իդլիբից բացի անվտնագության գոտիներ նախատեսվում է սահմանել նրա հետ սահմանային Լաթակիայում, Հալեպում և Համայում:
Դեէսկալացիոն գոտիների քարտեզի կազմման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն հունիսի 4-ին:



