Ընտրություններում պարտված Արագած Ախոյանն «ամեն օր ծաղիկներ ու հայրենի բնություն» է նկարում. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
2015–ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ԲՀԿ–ն լքած ու վերջին խորհրդարանի ընտրություններում ՀՀԿ–ից առաջադրված, բայց Արագածոտնի մարզում պարտված պատգամավոր Արագած Ախոյանը ոչ միայն Հայաստանում շինարարություն է անում, այլև նոր թափով լծվել է «Արևմտյան Հայաստանում հայ ինքնության վերականգնման գործին»:
Նա Թուրքիայում ստեղծված «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության աշխատանքային խմբի անդամ է և լիազոր ներկայացուցիչը Հայաստանում: «Աշխատում ենք քաղաքացիական հասարակության հետ, այն շերտերի հետ, որոնց շփումներն անցնում են միմիայն Ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման խողովակով և այդ հարթության մեջ փորձում ենք ինքնության վերականգնման խնդիր լուծել Արևմտյան Հայաստանում և երկու ազգերի միմյանց ավելի շատ ճանաչելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ախոյանը:
Արագած Ախոյանը նաև «Արևմտահայոց ազգային համագումարի» մշակույթի հանձնաժողովի նախագահն է ու մշակույթով է զբաղվում: Ինչպես հայտնի է, Արագած Ախոյանը մասնագիտությամբ գեղանկարիչ է ու ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել էր, թե հնարավոր է նկարչությամբ զբաղվի: Երեկ նրանից հետաքրքրվեցինք, թե այժմ զբաղվո՞ւմ է նկարչությամբ և ի՞նչ է նկարում: «Ես նկարչությամբ զբաղվում եմ ամեն օր, ամեն հարմար առիթի, էնպես որ դա ապրելակերպ է: Դրանով միշտ էլ զբաղվել եմ, հիմա հարմար պահերի եմ զբաղվում: Հարցին, թե ի՞նչ է նկարում ընտրություններից հետո, Ախոյանը նման պատասխան տվեց. «Ինչը պիտի փոխվեր ընտրություններից առաջ և հետո, ես բնապատկերներ եմ նկարում: Ամեն ինչ եմ նկարում՝ հիմականում ծաղիկներ, հայրենի բնություն»:
Հետաքրքրվեցինք, թե հիասթափվա՞ծ է քաղաքական գործունեությունից, քանի որ ԲՀԿ–ից դուրս եկավ, ՀՀԿ–ից առաջադրվեց և չանցավ: «Հիմնականում իմ գործունեությունը եղել է արտաքին քաղաքականության հարթակում, և ես չեմ գնացել ՀՀԿ, ընդամենը եղել եմ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, ես էսօր անկուսակցական եմ: Շնորհակալ եմ նաև ՀՀԿ–ից, որ նման փոխադարձ առաջարկ եղավ»,– ասաց Ախոյանը:
Հստակեցմանը, թե այն, որ ինքն անկուսակցական է, չի՞ նշանակում, որ այլևս կուսակցություններից հիասթափված է, Ախոյանը նման պատասխան տվեց. «Ոչ, ոչ, չի նշանակում: Նախ որևիցե կուսակցությանն ինտեգրվելուց պետք է վերջնական ընդունես և մարսես, իհարկե՝ տեղից տեղ տեղափոխվելը շատ դժվար է: Բայց ցանկացած քաղաքական հարթակ ինքնանպատակ չէ, և անձի սեփական հարցերը լուծելու տեղ չէ: Ես առաջնորդվում եմ ընդհանուր շահերի գերակայությամբ խնդիրների լուծմամբ, դրա համար քաղաքական որևէ կուսակցություն ինձ համար ուղղակի միջոց է կամ հարթակ է, որով կարելի է իրականացնել էն ծրագրերը, որոնց մասին մտածում եմ»:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Արագածոտնի մարզում, որտեղ ինքն առաջադրվել էր, շատ ընտրակաշառք է բաժանվել, Ախոյանը պատասխանեց. «Եթե կա նման երևույթ, ապա ինչո՞ւ հատկապես մեր մարզում: Մամուլում շատ բան է գրվում, բայց ամեն գրված չի, որ համապատասխանում է իրականությանը: Ընտրակաշառքը այնպիսի մի մասսայական երևույթ է, որ անհնար է էդ մասսայական երևույթի արտահայտության դեպքում որևիցե մի տեղ մի խնդիր չլինի»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



