Ծիծեռնավանում Զախարյանների ընտանիքը գտել է երկրում ապրելու ու աշխատելու բանաձևը
SOCIETYԱրցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի գյուղական համայնքի եկեղեցու հարևանությամբ է բնակվում Թումաս Զախարյանի բազմազավակ ընտանիքը: Նախիջևանից է եկել ու վերահայացած հայրենիքի առաջին բնակիչներից է Թումասը, ում 7 զավակների մեծ մասը ծնվել են Ծիծեռնավանում և դարձել այս երկրի իսկական տերը: Բազմազավակ ընտանիքի համար ԱՀ կառավարությունը առանձնատուն է կառուցել: Այստեղ հաստատվելու առաջին տարիներից սկսած՝ իրենց ընտանիքին հատկացված հողատարածքում պարզ ջերմոցներ հիմնեցին և տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ են արտադրում:
Ապրիլի կեսերին աշխատանքային այցով Ծիծեռնավանքում էի և համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցի Թումասի այգի, որտեղ 10-ից ավելի պոլիէթիլենային թաղանթով ստեղծած ջերմոցների տակ ծլարձակել էին սածիլները: Ողջ ընտանիքով էին աշխատում՝ քաղհանում, ջրում: Թումասը տեղեկացրեց՝ հիմնականում մշակում են լոլիկի, սմբուկի, պղպեղի, կաղամբի, ռեհանի և այլ բույսերի սածիլներ: Տարիների ընթացքում աշխատանքը տվել է իր արդյունքը, և այդ է պատճառը, որ նույն աշխատանքով են զբաղված ընտանիքով: Բերքի իրացման խնդիր չունեն: 5 որդի և 2 դուստր ունեն Թում աս և Մարինե Զախարյանները: Երրորդ որդին՝ Հուսիկը, այժմ Հայոց բանակի զինվոր է, սահմանն է հսկում: Անցած ապրիլին նրանց երկու որդիները՝ Գարիկն ու Տարոնը, առաջին օրը շրջանի 200-ից ավելի կամավորականների հետ սահման հասան ու դարձան թիկունք առաջնագծի զինվորներին:
Վերջերս դարձյալ այցելեցի Զախարյաններին. արդեն սածիլները պատրաստ են վաճառքի: Դարձյալ ընտանիքով հողամասում էին: Ավագ որդին՝ Գարիկը և կրտսերը՝ Պարգևը, ով դեռ դպրոցական է, մոր հետ սածիլներ էին հանում, իսկ Թումասը բերքը շուկա էր տարել: Շատերը դժգոհում են, որ աշխատանք չկա գյուղում, մեկնում են արտագնա աշխատանքի, հաճախ խաբված ու դատարկաձեռն տուն վերադառնում: Իսկ ահա Զախարյանները գտել են երկրում ապրելու ու աշխատելու ձևը և չեն դժգոհում: Գարիկը տեղեկացրեց՝ արտադրանքը հիմնականում իրացվում է Սյունիքի մարզում՝ Գորիսում, երբեմն՝ Կապանում ու Ստեփան ակերտում: Որոշակի քանակ էլ վաճառվում է տեղում ու Բերձորում:
Զոհրաբ Ըռքոյան



