ԵՊՀ-ում դասախոսը ուսանողուհու դիպլոմային աշխատանքն առանց նայելու աղբ է անվանել և չի նշանակում
SOCIETYԵրևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի Անգլիական բանասիրության ամբիոնի ուսանողուհու դիպլոմային աշխատանքը ղեկավարը չի նայել, և նա կանգնած է դիպլոմ չստանալու վտանգի առաջ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ուսանողուհու ամուսինը՝ Սևակ Քերոբյանը:
«Իմ կինը ահագին բարձր առաջադիմություն ունի, համենայնդեպս միջին գնահատականը 16 միավոր է: Խնդիրը եկել է դիպլոմայինի ղեկավարից՝ Օֆելյա Պողոսյանից, ով իմ կնոջ ներկայացրած նյութերը չի նայել,ավելին՝ նրա աշխատանքն անվանել է աղբ: Ուսանողներին կանչել է իր տուն, չգիտես ինչու, բոլորի աշխատանքները ստուգել է, իմ կնոջ աշխատանքը՝ ոչ»:
Սևակ Քերոբյանը հայտնեց, որ այդ հարցով հանդիպել է նաև ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանի հետ, ով կանչել է դիպլոմայինի ղեկավարին, վերջինս ամբիոնում նայել է աշխատանքը. «Պողոսյանը նայեց դիպլոմային աշխատանքը, ասաց, թե դա նույն գրածը չէ, իբր նախկինում աշխատանքը ստուգել էր: Ես մոտեցել եմ նաև ռեկտորի տեղակալ Ղարիբյանին, ով մեզ բացատրեց, որ ռեկտորին դիմում գրելը կարող է լարել իրավիճակը: Նա խորհուրդ տվեց գնալ ամբիոն, ներողություն խնդրել և փորձել աշխատել, սակայն ես ուրիշի սխալի համար ներողություն չեմ խնդրի և չեմ ուզում, որ կնոջս աշխատանքը ստուգի Օֆելյա Պողոսյանը»:
Պարզաբանում ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց նաև Ռոմանագերմանական ֆակուլտետի Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանի հետ, ով ասաց, որ խնդրին ծանոթ է և ամեն ինչ արել է ուսանողին աջակցելու համար:
«Ես ուսանողուհուն և նրա ամուսնուն բացատրեցի, որ ես շատ պատրաստակամ եմ ընդառաջելու նրանց, բայց ներկայացված աշխատանքն արտատպված է: Ասացի՝ բալիկ ջան, եթե դու համացանցից նյութը տպում և ներկայացնում ես դիպլոմային աշխատանքիդ ղեկավարին, բա պիտի ասի՝ աղբ է, դու գործ չես արել: Ասում է՝ Օֆելյա Պողոսյանն ինձ վիրավորել է, ասելով, որ աղբ է: Ղեկավարին էլ եմ կանչել, որ գան, լսեն։ Փոխանակ լսեն, թե ինչ եմ ասում, պարզաբանում, որի հաջորդ քայլը լինելու էր՝ աղջիկս, դեռ ունես ժամանակ գնա, պատրաստվի, ղեկավարիդ հետ էլ հանդիպի, ինքը քեզ ուղղություն ցույց կտա, դու չես կարող քոփի փաստ արած տեքստ ներկայացնել, չլսեցին ինձ»,-ասաց ամբիոնի վարիչը:
Սեդա Գասպարյանը պատմեց, որ ինքը սովոր չէ գոռալով խոսելու, սակայն պատրաստ է ուսանողին ընդառաջելու, բայց միայն այն դեպքում, եթե ինքը ներկայացնի իր աշխատանքը. «Մինչև նախապաշտպանությունը դեռ ժամանակ կա»:



