«Դատապարտում ենք բանսարկությունները». ՀՀԿ-ն արձագանքել է Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպին
POLITICSՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ Ավանում կատարված միջադեպի առնչությամբ:
«Շարունակվում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում իրենց քաղաքացիական պարտքը կատարող մեր համաքաղաքացիներին: Վստահ ենք, որ մրցակցային և հագեցած քարոզարշավի շնորհիվ երևանցիները ծանոթացան բոլոր մասնակիցների ծրագրերին և ունեն գիտակցված ու ազատ ընտրություն անելու բոլոր հնարավորությունները:
Միաժամանակ հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք»:
Life.panorama.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Տարոն Մարգարյանի՝ Ավանում տեղակայված շտաբ և պնդել, որ շտաբի սեղանի դարակներում պահվում են ՀՀԿ օգտին քվեարկել պատրաստվող անձանց անունները: Ինչպես նաև Փոստանջյանը պնդել է, որ այդ ցուցակում ներառված անձիք ընտրակաշառք են ստացել: Շտաբի անդամների հետ վիճաբանությունից հետո, դեպքի վայր ժամանեցին ոստիկանները: Երբ Զարուհի Փոստանջյանը փորձեց առանց ոստիկանների թույլտվության դարակից վերցնել թղթերը, ոստիկանության աշխատակիցները ուժով փորձեցին բերման ենթարկել նրան, սակայն Փոստանջյանը հրաժարվեց նստել ոստիկանության մեքենան՝ վիրավորական արտահայտություներ հնչեցնելով իրավապահների հասցեին:



