Մուցքում ոսկու հանքարդյունահանում իրականացնելու դիմաց «Orogen Gold»–ը գյուղի ճանապարհները կբարեկարգի ու սպասք կգնի
INTERNATIONAL NEWSԲրիտանական «Orogen Gold» ընկերությունը պատրաստվում է 2017–2019 թթ.–ի ընթացքում շարունակել հետախուզել Մուցքի ոսկի–բազմամետաղային հանքերևակումը: 2013 թ.–ին «Orogen Gold»–ը «Գեոռեյդ» ՓԲԸ–ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ Մուցքի նախագիծն իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է «Էկոլուրը»:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի են ունեցել երեկ Մուցքի համայնքապետարանում:
Մուցք համայնքի ղեկավար Դրաստամատ Նավասարդյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հանրային քննարկումները ավարտվել են դրական եզրակացությամբ ու փոխշահավետ համաձայնությամբ: Վերջինս նշեց, որ իրենք որոշակի պարտավորանքներ են ներկայացրել ընկերությանը: «Գյուղացիները բոլորն էլ գոհ են: Սակայն փոխարենն իրենց սոցիալական պարտավորանքներ ենք ներկայացրել, ըստ որի գյուղին կտրամադրվի 1 միլիոն 200 հազար դրամի օգնություն՝ գյուղի ճանապարհների վերանորոգման և համայնքային հանդիսությունների սրահի համար սպասք գնելու նպատակով»,– պատմեց գյուղապետը:
Մուցքի, որն այլ կերպ հայտնի է Բարձրավան, ոսկի–բազմամետաղային հանքերևակումը գտնվում է Հայասատանի հարավում՝ Սյունիքի մարզում, Շաղատ գետի ավազանում, Մուցք գյուղից 2,5 կմ դեպի հարավ–արևելք, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա:
Էկոլուրի կողմից ներկայացվում է, որ վերոնշյալ հայտով հետախուզման նպատակով կհորատվի 23 հորատանցք ու կկառուցվի 23 հորատահրապարակ, այն կզբաղեցնի 600 հեկտար: Հայտի մեջ նաև գրված է, որ հորատանցքերի հորատահանուկը պետք է ենթարկվի ռադիոմետրիկական չափումների՝ ճառագայթահիգիենիկ հատկությունները պարզաբանելու նպատակով:
Բացի այդ այնտեղ նշված է, որ աշխատանքային շրջանում չկան հատուկ պահպանվող տարածքներ:
Ինչպես կարդում ենք www.proactiveinvestors.co.uk կայքում, որտեղ մանրամասներ կան «Orogen Gold»–ի կողմից հայկական հանքանավայրը շահագործելու վերաբերյալ, Մուցքը փոքր–ինչ հեռու է գտնվում զարգացման ճանապարհից: Սակայն «Օրոգենն» այնտեղ բավական մեծածավալ աշխատանքներ է իրականացրել, քանի որ ոսկու հանքարդյունաբերության ծավալը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է:
Որպես այդ ձեռքբերմանը նպաստող հանգամանք է նշված հայկական «Գեոռեյդ»–ի հետ համաձայնագիրը, որի նախնական պայմաններով «Օրոգենը» կարող էր Մուցքում մինչև 80%–ի հասնող շահույթ ունենալ, եթե պեղումների վրա 2 միլիոն 500 հազար դոլար ծախսեր: Սակայն նշվում է, որ այդ փողերն արդեն ծախսվել են, իսկ փաստաթղթերը, որ «Օրոգենի» սեփականության 80%–ն են կազմում, գտնվում են «համապատասխան» սեղաններին:
Նշենք, որ «Orogen Gold»–ը բրիտանական հասարակական կազմակերպություն է, որը Լոնդոնի ֆոնդային բորսաների շուկայում գումարներ է դնում շրջանառության մեջ: Ընկերությունը կենտրոնացած է օգտակար հանածոների հետազոտման և ստացման աշխատանքներում և ներկայում հանքաարդյունաբերության երկու նախագիծ է իրականացնում, մեկը Մուցքում, իսկ «SILVERTON» անունն ունեցողը՝ ԱՄՆ–ի Նեվադա նահանգում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



