Տարոն Մարգարյանը Կենտրոնում ամփոփեց քարոզարշավը
SOCIETYՔարոզարշավի վերջին օրը Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները Կենտրոն վարչական շրջանում էին: Այս մասին հայտնում է Past.am-ը: Դիմելով ներկաներին՝ նա ասաց. «3 շաբաթ է՝ մենք հաշվետվություն ենք ներկայացնում մեր համաքաղաքացիներին, թե ինչ ենք արել վերջին 4 տարիներին: Ներկայացնում ենք նաև «Հանուն Երևանի» զարգացման ծրագիրը: Շնորհակալ եմ, որ մեր աշխատող թիմի կողքին եք: Միասին կառուցենք մեր մեծ տունը»:

Գործող քաղաքապետն ընդգծեց՝ 4 տարիների ընթացքում անհնար էր լուծել տասնյակ տարիներ կուտակված խնդիրները, բայց աշխատակազմը ձեռքերը ծալած չի նստել՝ ստեղծելով ապագա աշխատանքի համար լավ հիմքեր: Մարգարյանի խոսքով՝ աշխատանքային խնդիրներն առաջինը հենց իրենք են բարձրացնում: «Չէի ուզենա, որ մեր ընդդիմադիրները միայն ընտրությունից ընտրություն սիրեն Երևանը»,-հավելեց նա:

Այնուհետ Տ.Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ դատապարտում է ԶԼՄ-ների աշխատանքներին խանգարելը և քարոզարշավը խոչընդոտելու ցանկացած փորձ: Ընտրակաշառքներին վերաբերող հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ ցուցակի առաջատարը հորդորեց նայել նախընտրական շտաբի հայտարարությունը: Քաղաքապետը նաև պատասխանեց բնակիչներին հուզող հարցերին:
Հիշեցնենք, որ վաղը Լռության օր է: Քաղաքապետի ընտրությունները մայիսի 14-ին են:
Լևոն Փանոսյան



