Մակրոնը ընտրել է պատգամավորի թեկնածուներին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» քաղաքական շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆերանը հայտնել է այն 428 թեկնածուների անունները, որոնք մասնակցելու են գալիք խորհրդարանական ընտրություններին, փոխանցում է RFI-ն։
Նշված թեկնածուներից կեսից ավելին երբեք չեն զբաղեցրել պետական ու ընտրովի պաշտոններ։
«Դեռ երբեք ընդամենը 13 ամիս գոյություն ունեցող քաղաքական շարժումը չի ներկայացրել պատգամավորի թեկնածուների այնպիսի ցուցակ, որի 53 տոկոսը սովորական քաղաքացիներ են, որոնք պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չեն»,- շեշտել է Ֆերանը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաեւ նշել է, որ շարժման հանձնաժողովը, որը ընտրել է թեկնածուներին, 19 000 հայտ է ստացել, ու յուրաքանչյուր ընտրատարածքի համար ստիպված են եղել 34 մարդուց մեկին ընտրել։
Հայտերի 70 տոկոսը տղամարդկանցից է ստացվել, 30 տոկոսը՝ կանանցից։ Իսկ ընտրված թեկնածուների միջեւ սեռային հավասարությունը պահպանվել է ՝ 214 տղամարդ ու 214 կին։ Ամենաերիտասարդ թեկնածուն 24 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 72։ Թեկնածուների 93 տոկոսն աշխատում է, 2 տոկոսը աշխատանք է որոնում,․ 4 տոկոսը թոշակառու է, 1 տոկոսը՝ ուսանող։
Հանձնաժողովը չի ընդունել Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսի թեկնածությունը, քանի որ Ֆերանի խոսքով՝ նրա դոսյեն «չի համապատասխանում ընտրության չափանիշներին»։ Խոսքը Վալսի քաղաքական անցյալի մասին է՝ նա արդեն երեքից ավելի պետական ու ընտրովի պաշտոն է զբաղեցրել։ «Այդուհանդերձ ,- նշել է շարժման ղեկավարը,- մենք Մանուել Վալսի դեմ մեր թեկնածուին չենք առաջադրի այն ընտրատարածքում, որտեղ նա կընտրվի»։



