Սիրիայի հարցով Ժնևի բանակցությունները կարճ բիզնես հանդիպման նման կլինեն. դե Միստուրա
INTERNATIONAL NEWSՍիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու Ժնևում մայիսի 16-ից 19-ը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հաղորդմամբ՝ բանակցությունների այս փուլն ավելի շատ նպատակ ունի համախմբելու Աստանայի բանակցություններում գրանցած հաջողությունները, և այս բանակցությունների ժամկետի կարճությունը պայմանավորված է բանակցությունների խիստ անհրաժեշտությամբ:
«Մենք պատրաստվում ենք հաջորդ շաբաթ տեղի ունենալիք բանակցությունների նոր փուլին: Բանակցությունները կսկսեն մայիսի 16-ին, և մենք մտադրված ենք դրանք ավարտել մայիսի 19-ին: Այս բանակցությունները կլինեն համեմատաբար կարճ՝ նման բիզնես հանդիպումներին»,- ասել է Միստուրան:
Սիրական խնդրի կարգավորման շուրջ Աստանայում տեղի է ունեցել միջազգային մակարդակով բանակցությունների 4 փուլ՝ 2017-ի հունվարի 23-ից 24-ին, փետրվարի 15-ից 16-ին, մարտի 14-ից 15-ին և մայիսի 3-ից 4-ը:
«Աստանայում տեղի ունեցած հանդիպումներից հետո ստորագրվել են համաձայնագրեր, որոնք մենք համարում ենք չափազանց խոստումնալից: Մենք աշխատում ենք, որքան հնարավոր է այդ արդյունքները կապել քաղաքական հորիզոնի հետ»,- հավելել է նա:
Այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված գլխավոր արդյունքներից է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մոնիտորինգային խմբի ձևավորումը և երաշխավոր պետությունների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կողմից Սիրիայում անվտանգության գոտիների հաստատման վերաբերյալ հուշագրի ստորագրումն են:
Ապրիլի 4-ին Աստանայում սիրիական խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում ստորագրվել է հուշագիր Սիրիայի տարածքում 4 անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է երաշխավոր երկրների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից:
Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` որոշվել է այդ շրջաններում արգելել զենքի կիրառումը և այդ տարածքների բնակչությանը ցուցաբերել հումանիտար օգնություն:



