Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Հաղթանակի և Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին
SOCIETYՌումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ մասնակցել է Բուխարեստի՝ Խորհրդային հերոսների զինվորական գերեզմանատանը տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որտեղ, ի թիվս այլ դեսպանությունների՝ խորհրդային ազատարար զինվորի հուշարձանին ծաղկեպսակ է զետեղվել նաև Հայաստանի դեսպանության կողմից: Այնուհետև, Բուխարեստի Հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանայի և Ռուս Ու ղղափառ եկեղեցու հոգևորականի մատուցմամբ տեղի է ունեցել հիշատակի կարգ:
Նույն օրը դեսպան Գասպարյանն Արջեշի նահանգապետի հրավերով Եվրոպայի օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով մեկնել է նահանգի վարչական կենտրոն Պիտեշտի քաղաք, որտեղ՝ Արջեշի նահանգային խորհրդում, տեղի է ունեցել դեսպան Գասպարյանի և Արջեշի նահանգապետ Դան Մանուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ապակենտրոնացված համագործակցությանն ու այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Հաշվի առնելով Գյումրի և Պիտեշտի քաղաքների միջև 2012 թ-ից հաստատված եղբայրական կապերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք բարձրացնել մարզային մակարդակի:
Այնուհետև, դեսպան Գասպարյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված «Միություն բազմազանության միջոցով» խորագրով հանրային միջոցառմանը, որի ընթացքում տեղի հայկական, հունական, ֆրանսիական և իտալական համայնքները ներկայացել են գեղարվեստական ծրագրերով:
Արջեշի նահանգապետը և Հայաստանի դեսպանն այցելել են Վասիլե Միլեա հրապարակում տեղակայված հայկական տաղավար, որտեղ տեղի հայ համայնքի ջանքերով ցուցադրված էին հայկական ազգային տարազներ, պատկերներ, գրքեր, ամսագրեր, հայկական խմիչքներ, մրգեր ու ուտեստներ:
Բացօթյա համերգային միջոցառման ընթացքում ներկայացվել է հայ ժողովրդի հնամյա պատմությունն ու մշակույթը, Ռումինիայի զարգացման գործում հայերի ակնառու ավանդը: Այնուհետև, դուդուկի կատարումներով հանդես եկավ Տիմիշոարայի ֆիլհարմոնիայի մենակատար Կոսմին Բալեանն իր խմբի հետ: Միջոցառմանը մասնակցել և կատարումներով հանդես է եկել նաև ռումինահայ հայտնի երգչուհի և դերասանուհի Կորինա Կիրիակը:



