Երևանում մայիսի 9-ի առթիվ անցկացվեց «Անմահ գունդ» քայլերթը
SOCIETY«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Վետերանների և Երկրապահ կամավորական միությունների հետ մայիսի 9-ին Երևանում կազմակերպեց բազմամարդ «Անմահ գունդ» քայլերթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակցիան անց է կացվել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Նվագախմբով ուղեկցվող քայլերթը մեկնարկեց Ազատության հրապարակից, անցավ Մաշտոցի պողոտայով, այնուհետև Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Մանկական զբոսայգի: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարևորեց այն, որ նմանատիպ միջոցառումները կազմակերպվում են երիտասարդների կողմից:
«Դա նշանակում է, որ երիտասարդները հարգում են, խոնարհվում են և կարևորում են մեր պապերի կատարած սխրագործությունները: Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանը ծաղկի և միշտ խաղաղություն լինի»,- ընդգծեց Վոլինկինը:
Երևանում Կրթության և գիտության ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինի խոսքով` Երևանում «Անմահ գունդ» ակցիան արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում: Կալինինը հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի:
«Այս ակցիան նպատակ ունի հավերժացնել Հայրենական մեծ պատերազմում կռված հերոսներին: Մասնակիցները պահում են իրենց հարազատների նկարները, ովքեր արել են անհնարինը հաղթանակի համար: Ցանկանում ենք, որ մեր երիտասարդները երբեք չմոռանան հերոսներին և միշտ հիշեն ու հարգեն իրենց նախնիների կատարած սխրագործությունները»,- նշեց Կալինինը:
«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը նշեց, որ ակցիային մասնակցել են Հայաստանի գրեթե բոլոր բուհերի ուսանողները, դպրոցականները:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ ակցիան այսքան մեծ մասշտաբներ է ընդգրկում: Մեր նպատակն է պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների մասին հիշողությունը և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ հայրենասիրական ոգին»,- եզրափակեց Գոհար Ղումաշյանը։



