Տոնական շքերթ ու վրանային ճաշ. ՀՀ վարչապետն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել էին «Հաղթանակ» զբոսայգի
SOCIETYՇուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը նշվեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով «Հաղթանակ» զբոսայգի էին այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրենսդիր և գործադիր մարմնի անդամներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Նրանք ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև անցկացվեց զինվորական շքերթ, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետը և բարձրաստիճան մյուս պաշտոնյաները մասնակցեցին վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:
Կարեն Կարապետյանը պետության կառուցման ընթացքում կարևորեց յուրաքանչյուր հաղթանակ: «Հաղթել պատերազմում, այնուհետև իրականացնել տնտեսական հաջող կառավարում, արձանագրել տնտեսական հաջողություններ՝ չափազանց կարևոր է, և պետության կայացման համար շատ դեպքերում հնարավոր չէ ասել, թե ինչն է առաջնային: Բայց ես՝ որպես քաղաքացիական մարդ, այս պահին որպես ՀՀ վարչապետ, պետք է ֆիքսեմ, որ բոլորս՝ քաղաքացիական կյանքով ապրող մարդիկ, ունենք պարտք մեր զինված ուժերի նկատմամբ, որը վերադարձնել անհնար է: Առավելագույնն, ինչ կարող ենք անել, պետք է մաքսիմալ հաողակ լինենք մեր ոլորտներում, որպեսզի այն հաղթանակները, որոնք մեր ազգը կերտել է՝ արժանապատիվ տանենք առաջ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:



