Տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք չեն լինի ժամանակավոր. Տարոն Մարգարյան
SOCIETYՆախընտրական քարոզչության վերջին շաբաթը գործող քաղաքապետ, քաղաքապետի Հանրպետական թեկնածու Տարոն Մարգարյանը սկսեց Մալաթիա-Սեբաստիայում: Այստեղ նրա կողքին էին ավագանու թեկնածուներ Նաիրա Նահապետյանը, Լևոն Իգիթյանը, Լիլիթ Բեգլարյանը, Դավիթ Օհանյանը, Արտակ Ալեքսանյանը: Past.am-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը շնորհավորեց բնակիչներին մայիսյան տոների կապակցությամբ:

Մարգարյանը վստացրեց՝ աշխատանքները, որոնք արվել են անցած տարիներին, լինելու են շարունակական: Խոսելով խնդիրներից՝ գործող քաղաքապետը Մալաթիա-Սեբաստիայում անդրադարձ կատարեց բազմաբնակարան շենքերի թեմային և համատիրությունների կառավարման հետ կապված խնդիրներին: «Այս տարիների ընթացքում մեր բնակիչները բազմիցս համատիրությունների հարցը բարձրացրել են: Մեր թիմը օրենքի նոր նախագիծ է մշակում՝ համոզված լինելով, որ կկրարողանանք դրա շնորհիվ ավելի լավ կառավարում իրականացնել և մեր համաքաղաքացիներին մասնակից դարձնել այդ ամենին»,-հավելեց Տ.Մարգարյանը:

Անդրադառնալով տրանսպորտի հարցերին՝ քաղաքապետն ասաց, որ այս տարիների ընթացքում իրենք ուսումնասիրել են միջազգային կազմակերպությունների աշխատանքը և կուտակել հարուստ փորձ: «Այդ ոլորտում անհրաժեշտ են հստակ բարեփոխումներ, որոնք չեն լինի ժամանակավոր, այլ կլինեն հիմնավոր: Դա վերաբերում է տրանսպորտի միասնական տոմսերին, սոցիալական անապահով մարդկանց լրացուցիչ բեռ չավելացնելուն, ուսանողներին տրամադրովող արտոնություններին և այլն»,-ընդգծեց քաղաքապետի թեկնածուն՝ տեղեկացնելով, որ խորհրդատուն շուտով իրենց կներկայացնի բարեփոխման աշխատանքները: ՀՀԿ ցուցակի առաջատարը հայտնեց, որ նախատեսել են վերանորոգել բոլոր մանկապարտեզները, ապահովել թարմ գույքով, որպեսզի երեխաները նորմալ պայմաններում ստանան իրենց կրթությունը: Վերջում Տարոն Մարգարյանը կոչ արեց ձայն տալ իրենց թիմին, որը, Մարգարյանի խոսքով, փորձառու է և գիտի քաղաքացու խնդիրները:



