Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն արդեն ներկայացրել է ասմունքող Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ` ութ ամսական որդու նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու վերաբերյալ, եւ այս դեպքի հետ կապված Արաբկի բժշկական կենտրոնի փոխտնօերն Իննա Արիկյանի վերաբերմունքը: Սակայն փոխտնօրենը մեր նախորդ զրույցի ժամանակ հայտնել էր, որ տեղյակ չէ միջադեպին եւ իր կարծիքն էր հայտնել միայն տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներին մեկ հիվանդասենյակում տեղակայելու շուրջ: Իննա Արիկյանը խոստացել էր միջադեպի մանրամասներին տիրապետել, որից հետո միայն խոսել այդ մասին:
Այսօր Արաբկիր բժշկական կենտրոնի փոխտնօրենը Life.panorama.am-ին հայտնեց, որ արդեն իսկ տեղյակ է մայիսի 4-ի երեկոյան կատարված դեպքի մանրամասներին.
«Ես զրուցել եմ այդ օրվա հերթապահ բժշկուհու հետ, եւ պարզեցի, որ երեխայի մայրիկը` Լիանա Զուրաբյանը, շատ բարձր ձայնով միջանցքում խոսել է, գոռգոռացել, խանգարել մյուս հիվանդ երեխաներին եւ մայրիկներին, եւ այս թվում նաեւ վիրավորել բժշկուհուն` ասելով, որ, եթե իրեն վերեւներից զանգեն, ապա նա կսողար, ինչը, ըստ իս, նորմալ խոսելաձեւ չէ բժշկի հետ: Նա պահանջել է, որպեսզի երեխան կաթիլայինը ստանա բժիշկների սենյակում, ինչը մենք թույլ տալ չենք կարող, դա աննորմալ է»,- նշեց փոխտնօերնն ու շարունակեց.
«Կարծում եմ` մորը պետք է հետաքրքրեր իր երեխային անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը, այլեւ ոչ թե սենյակի հարմարավետությունը, նա մեզնից պետք է պահանջեր, որ երեխան բուժվի, այլ ոչ թե կոմֆորտ պայմանների մասին մտածեր, թեեւ առանց պահանջելու էլ փոքրիկը օգնություն կստանար: Ի դեպ` մեզ մոտ երեխան սկսել է ստանալ անհրաժեշտ օգնությունը, սակայն մայրն իր կամքով վերցրել է երեխային ու գնացել»:
Կարդացեք նաև՝ Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ, ութ ամսական որդու նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու համար
Իննա Արիկյանը զրույցի վերջում շեշտեց.
«Մենք այդ օրը ազատ սենյակ չենք ունեցել, քանի որ, ցավոք, հիվանդ երեխաները շատ-շատ են: Ցավում եմ, որ այսօր ամեն մեկն իր մասին է մտածում, մայրերը միմիայն իրենց երեխայի մասին են մտահոգվում ու չեն անհանգստանում իրենց կողքին պառկած փոքրիկի մասին եւս: Այս մոտեցումը սպանում է մեզ: Ինչ վերաբերվում է մեր պայմաններին, կրկնվեմ, որ մեր «Էմերջենսի» բաժինը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին: Եվ, առհասարկ, կարելի է բժշկին չսողացնել, այլ գնալ այն հիվանդանոց, որտեղ կգտնեն շատ ավելի լավ պայմաններ եւ բուժօգնություն, ինչը երեւի Լիանա Զուրաբյանը գտել է, եթե որոշել է հեռանալ մեր հիվանդանոց: Շեշտում եմ` եթե նա գտել է նման հիվանդանոց, ապա խնդրեմ, թող գնա, ոչ ոք, ոչ մեկին չի պարտադրում մեզ մոտ բուժօգնություն ստանալ: Ես առողջություն եմ մաղթում աշխարհի բոլոր հիվանդ երեխաներին»:



