Որոտանում հուղարկավորել են ողբերգական վթարից մահացած քրոջն ու եղբորը
SOCIETYՍյունիքի մարզում Որոտան համայնքում երեկ հուղարկավորել են մայիսի 4-ին առավոտյան ողբերգական վթարի հետեւանքով մահացած քույր ու եղբայր Դավիթ եւ Աստղիկ Մկրտչյաններին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Որոտանի գյուղապետարանից:
Քրոջ ու եղբոր հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունները, ինչպես եւ նախատեսվում էր, կազմակերպել են միասին:
21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր, նա Գորիս էր գնում՝ հերթական կոնսուլտացիայի: Աստղիկը սովորում էր նաեւ Գորիսի պետական համալսարանում: Աստղիկն ու Դավիթը նաեւ փոքր եղբայր ունեն, որը 4 տարեկան է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին Քաջարանի բնակիչ Արթուր Միրզոյանը Որոտան գյուղից Գորիս ընթանալիս մեքենայով մոտ 50 մետր գնալուց հետո դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և 40.8 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով Դավիթ եւ Աստղիկ Մկրտչյանները տեղում մահացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարորդը ձերբակալվել է։



