Մոսկվայում կայացած բողոքի ակցիային շուրջ հազար մարդ է մասնակցել
INTERNATIONAL NEWSՄոսկվայում «Հանուն Ռուսաստանի, որը չպետք է ունենա ռեպրեսիաներ» կարգախոսով ցույցին մասնակցել է շուրջ հազար մարդ:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժանմունքի կայքում:
Գերատեսչության տվյալներով ցույցի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել: Ցույցի ընթացքում հասարակական կարգն ապահովել է ոստիկանությունը: «Որևէ միջադեպ չի գրանցվել: Համաձայնեցված ցույցն անցել է հանգիստ: Մարդիկ հայտնել են իրենց մտքերը, խոսել են, քննարկել են ու ցրվել: Ժամկետները նույնպես պահպանվել են, ամեն ինչ կարգին է, մենք որևէ խախտում չենք տեսնում»,- ասել է Մոսկվայի տարածքային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չերնիկովը:
Ցույցին մասնակցել են քաղաքացիական ակտիվիստներ, տարածքային պատգամավորներ և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Բողոքի ակցիան նվիրված է եղել 2012թ. Մոսկվայի «Բոլոտնի» հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին: Այդ ժամանակ զանգվածային անկարգությունների հետևանքով տասնյակ անձինք էին տուժել, ավելի քան 400 մարդ կալանավորվել էր:



