Տարածքների համաչափ զարգացումը շարունակում է մնալ նախարարության գերակա խնդիր. Դավիթ Լոքյան
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գերակա խնդիրն է Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պետք է ստեղծեն աշխատատեղեր, ապահովեն ՀՆԱ-ի աճ։
«Մենք կարող ենք ունենալ երկիր, որտեղ մարդիկ կապրեն համաչափ զարգացած տարածքներում` ՀՆԱ-ի ոչ մեծ շեղումներով։ Բազմիցս ասել եմ, որ մեր երկրում կան տարածքներ, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասնում է մինչև 2000 դոլարի, այն դեպքում, երբ երկրի միջինը 3500 և ավելի է։ Երևանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2,5 անգամ գերազանցում է ծայրամասային տարածքների ՀՆԱ-ն»,- շեշտեց նախարարը։
Խնդիրը լուծելու համար նախարարությունը ձևավորել է մեկ ընդհանուր համակարգ, որն իր մեջ ներառում է երկրի ընդհանուր տարածքային ռազմավարություն, դրանից բխող 10 մարզային ռազմավարություն և նոր սկսվող գործառնական ծրագրեր։
«Մենք արդեն Կառավարություն ենք ներկայացրել միջազգային փորձագետների, մարզպետարանների, նախարարության ընդհանուր ջանքերով ստեղծված 10 ռազմավարությունները։ Դրանցում նախանշված են, թե ինչպիսին է լինե լու տվյալ մարզերի զարգացումը առաջիկա 10 տարվա համար»,- ասաց Դավիթ Լոքյանը։
Նրա խոսքով` հունիսի վերջին պատրաստ կլինեն երկրի գործառնական ծրագրերը, որոնք Կառավարությունում կքննարկվեն, ինչի արդյունքում բազմաթիվ գերատեսչություններ կմիավորեն իրենց ուժերը, ֆինանսները՝ հատուկ ֆինանսական կառույցում, որը պետք է սկսի առաջին գործառնական ծրագրերը երկրում։
Փաստաթղթերն ավարտված են և փոխանցված են Կառավարություն։



