Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գիրքը թարգմանվել է հայերեն ու հասանելի է հայ լրագրողներին
SOCIETYՄեդիա էկոհամակարգի գլոբալ ձևափոխման խնդիրներին անդրադարձող ամերիկացի լրագրող Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գիրքն արդեն հայերենով հասանելի է լրագրողի մասնագիտությունն ընտրած անձանց: Հոկտեմբերի 7-ին կայացավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էր նաև հեղինակը, ով այս օրերին Երևանում է և առաջիկայում դասախոսու թյուններով ու հանրային ելույթներով հանդես կգա Երևանում և Գյումրիում:
Գրքի թարգմանությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախաձեռնությամբ` ԱՄՆ Պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:
Գրքի հեղինակ Դեն Գիլմորը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանն ու «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությանը թարգամանությունը հաջողությամբ ավարտվելու առիթով: «Հրաշալի է, որ նման գաղափարները կարողանում են հաջողությամբ իրականացվել: Հաճելի անակնկալ էր, երբ առաջին անգամ ինձ զանգահարեցիք ու հարցրեցիք, թե կարող եք թարգմանել գիրքս»,-նշեց Գիլմորը:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանն էլ ներկաներին պատմեց, թե ինչպես միտք առաջացավ հայ ընթերցողին հասանելի դարձնել ամերիկացի լրագրողի, մեդիա ձեռներեցի աշխատությունը: «Առաջին անգամ Դեն Գիլմորի գրքին ծանոթացա 2006 թվականին, երբ ձեռք բերեցի հեղինակի «Մենք ենք մեդիան» աշխատանքը: Դրանից հետո ի հայտ եկան հեղափոխական մտքեր, որոնք առաջանում են ցանկացած լրագրողի մոտ հատկապես ցանցային փոփոխությունների ներկա շրջանում: Հաջորդ կապը պարոն Գիլմորի հետ տեղի ունեցավ 2012-ին, երբ ես մասնակցում էի մի ծրագրի, որտեղ 17 երկրներից մասնակիցներ կային, «Skype » կոնֆերանսի միջոցով ծանոթացանք նրա հետ: Մեզ հնարավորություն տրվեց 30 րոպե առցանց շփվել նրա հետ, դրանից հետո տեղեկացա, որ կա երկրորդ գիրքը` «Մեդիակտիվ»-ը և ցանկություն առաջացավ այն հասանելի դարձնել նաև հայ ընթերցողին, հատկապես ուսանողությանը և լրագրողական համայնքին»,-նշեց Սուրեն Դեհերյանը:
Նրա խոսքով` թեպետ գիրքը գրվել է 2010-ին, բայց դրանում կան խորհուրդներ, որոնք այսօր էլ արդիական են: Գրքի հայերեն թարգմանության մեջ զետեղվել է նաև Գիլմորի հետգրությունը, որը նա գրել է 5 տարի անց` 2015-ի օգոստոսի 26-ին` հետադարձ հայացք գցելով 5 տարիներին տեղի ուենցած փոփոխություններին:
Գիրքը բաժանորդագրությամբ հասանելի կլինի բուհերին և ԶԼՄ-ներին:



