Լիբանանում ՀՀ դեսպանությունում բացվել է արվեստագետ Գրիգոր Կարապետի ցուցահանդեսը
SOCIETYԼիբանանում ՀՀ դեսպանությունում մայիսի 4-ին տեղի է ունեցել արվեստագետ Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումն անցկացվում է Լիբանանում Հայաստանի և Իտալիայի դեսպանությունների հովանավորությամբ և Լիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի քաղաքական կուսակցությունների, դատական իշխանությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք։
Իրենց ելույթներում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Իտալիայի դեսպան Մասսիմո Մարոտին, Լիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության քարտուղար Պողոս Քյուրդյանը նշել են միջոցառման մշակութային կարևորությունը և առանձնահատուկ բնույթը:
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ գեղանկարիչ Գրիգոր Կարապետն իր ստեղծագործություններով յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երեք տարբեր ժողովուրդների և մշակույթների միջև, նպաստում միջմշակութային երկխոսությանը:
Ելույթ է ունեցել նաև արվեստագետ Գրիգոր Կարապետը, ով նշեց, որ ցուցահանդեսի գլխավոր նպատակն է մեկտեղել հայ, լիբանանյան և իտալական ինքնությունները և երեք երկրների մշակույթները:
Տեղեկանք․ Գեղանկարիչ, ձևավորող Գրիգոր Կարապետը ծնվել է 1968թ. Այնճարում: Ուսանել է Բեյրութի Թորոս Ռոսլինի անվան գեղարվեստի ակադեմիայում: 1993թ. տեղափոխվել է Վենետիկ և շարունակել ուսումը Գեղարվեստի ակադեմիայում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Իտալիայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում: Վերջին տարիներին վերադարձել և ապրում ու ստեղծ ագործում է հայրենի Այնճարում:



