Սանկտ Պետերբուրգի նահանգապետն իր այցն Երևան արդյունավետ է համարում
SOCIETYՊետերբուրգյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանում արտադրված համարյա բոլոր ապրանքներով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ասաց, որ իր այս այցը շատ կարճ էր, բայց հագեցած և, ամենակարևորը, բավականին արդյունավետ։
«Իմ այս կարճ այցի շրջանակում ես հանդիպել եմ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի հետ, և, կարծում եմ, քննարկել ենք կարևոր հարցեր ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի հետ Սանկտ Պետերբուրգի հետագա համագործակցության վերաբերյալ»,- նշեց նահանգապետը։
Նրա խսքով` երկրի ղեկավարները բարձր են գնահատել այն աշխատանքը, որն իրենք իրականացնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Պոլտավչենկոն կարևորեց նաև այն փաստը, որ նախագահի և վարչապետի հետ հանդիպման ժամանակ նաև հաստատվել են այն ուղղությունները, որոնցով իրենք աշխատում են։
«Ուղղությունները կապված են զբոսաշրջության ոլորտում բիզնեսի զարգացման, Հայաստանից Սանկտ Պետերբուրգ ապրանքների ներկրման հետ։ Ինչպես նաև ամենակարևոր ուղղությունները, որոնք կօգնեն մեզ հետագայում զարգացնել արդյունաբերությունը և արտադրությունը, ոչ միայն անկտ Պետերբուրգում, այլև Հայաստանում»,- ասաց Գեորգի Պոլտավչենկոն` հավելելով, որ առաջարկներ են եղել, որպեսզի սանկտպետերբուրգյան ձեռնարկությունները մասնակցություն ունենան ազատ տնտեսական գոտում Հայաստանի և Իրանի սահմանին։
Նրա խոսքով` սա շատ հետաքրքիր առաջարկ է և իրենք անպայման կմշակեն այն։
Գեորգի Պոլտավչենկոն հայտնեց, որ այս ընթացքում, իրենց պատվիրակության այն անդամները, ովքեր ավելի վաղ էին եկել Երևան, շատ բանակցություններ են անցկացրել։
«Նրանք կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության համաայնագիր են կնքել։ Պայմանագրերից մեկի համաձայն կկազմակերպվի փորձի փոխանակում Սանկտ Պետերբուրգի մեր լավագույն հիվանդանոցներում»,- ընդգծեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետը։



