Ադրբեջանը կրակոցներ է արձակել ՀՀ սահմանին, Արցախի հետ շփման գծում կիրառել ականանետ
SOCIETYԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց: Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ՀՀ սահմանին ևս հնչել են կրակոցներ, թվով ավելի քիչ և հիմնականում միայն հրաձգային զենքերից: Կորուստներ հայկական կողմից չեն եղել:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:



