Ղարաբաղյան կոնֆլիկտը կլուծվի, եթե․․․
SOCIETYԱյս ճանապարհով կարելի է ցանկացած դիվերսիա կազմակերպել Հայաստան, եթե մենք ունենք կաշառվող ՊԵԿ-ի աշխատակիցներ սահմանի վրա: Նրանք բաց են թողել խնձորի մի խմբաքանակ, որով կարելի էր թունավորել մեր ժողովրդին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Մի հարց է առաջանում` վաղը մյուս օր, եթե նրանք փորձեն դիվերսիա կազմակերպել, թունավորեն ժողովրդին, ի՞նչ ենք անելու: Քրեական գործ են հարուցել միայն այդ փաստի վերաբերյալ, իբր, դրանք կաշառքով են բերվել, էն էլ մի 10 հոգի գնացել ու բերել է էդ 50 կիլոն: Հարց է առաջանում` ովքե՞ր են բերել, ինչո՞ւ չեք հրապարակում անուններ, այդ ովքե՞ր են, որ անունները վախենում եք բացահայտել: Առանց սննդի անվտագնության ստուգման՝ թույլ եք տալիս, որ դա մտնի Հայաստան: Սա արդեն կոնկրետ ամեն մեկի առողջության մասին է խոսում»,- շեշտեց նա:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ Սարգսյանը նշեց, որ դրանց անլուրջ ենք վերաբերվում:
«Ղարսի պայմանագրի համաձայն` Նախիջևանը չպետք է լինի անքակտելի մաս Ադրբեջանի: Իսկ այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անեքսիայի է ենթարկել այդ ամենը: Տարածաշրջանի վիճակը հետևալն է` դուք տեսնում եք` ինչպես են մասնատվում Իրանը, Իրաքը, Սիրիան: Հիմա մի կարևոր հարց` կստեղծվի՞ Քուրդիստանը, թե` ոչ: Միացյալ Նահանգները հովանավորում է այդ գործընթացը: Եթե Քրդստանը ստեղծվի, ապա մեզ մոտ մի այսպիսի իրավիճակ է ստեղծվում` Արարատ լեռը մենք կարող ենք վերադարձնել մեր մայրենի հող»,- ասաց բանախոսը:
![]()
Սարգսյանը նկատեց, որ Թուրքիայի հարաբերություններն այսօր Եվրոպայի հետ շատ վատ են, ԱՄՆ-ի հետ հարաբերությոնները գնալով սառում են, ռուսների հետ, իբր, կարգավորվում են, բայց Ռուսաստանը միշտ դիստանցիա է պահում, նրանք գիտեն թուրքերի գինը:
«Սա է պատճառը, որ թուրքերն այս զինավարժությունների շնորհիվ փորձում են ռազմական բազա ստեղծել Նախիջևանում: Նրանք շատ լավ հասկանում են իրավիճակը: Ես ուզում եմ հասկանալ` մեր ԱԳ նախարարությունն ամբողջը վերլուծե՞լ է, արե՞լ է քայլեր, թե` ոչ, քանի որ սա մեզ համար ճակատագրական հարց է: Եթե մենք դա չենք իրականացնելու, հայտնվելու ենք շատ տարօրինակ իրավիճակում»,- ընդգծեց վերջինս:
Դեմոկրատական կուսակցության նախագահը համոզված է` Ղարաբաղյան հարցը կլուծվի, եթե փակվի Նախիջևանի սահմանը Թուրքիայի հետ. «Քանի Թուրքիան իրենց թիկունքում կանգնած է, այս հարցը չի կարգավորվի: Ադրբեջանը հույս ունի, որ իր եղբայր պետությունն իրեն օգնելու է»:



