Պետք է լինի այնպիսի գործիքակազմ, որ սուբսիդավորումն առավելագույնս ծառայի իր նպատակին. Արամյան
SOCIETYՀՀ ֆինանսների, Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները սուբսիդավորման ճիշտ ձևաչափ ունենալու հանձնարարական ունեն, որովհետև յուրաքանչյուր սուբսիդիա հարկատուների գումարների հաշվին է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գերակա ոլորտներում գործող ընկերությունների վարկերը սուբսիդավորելու մասին հանձնարարականին:
«Գերակա ոլորտները մի քանիսն են՝ ագրոբիզնեսը, ՏՏ ձեռնարկությունները, արտահանման ուղղվածություն ունեցող սուբյեկտները և այլն: Այստեղ մենք տնային աշխատանք ունենք անելու: Այս հանձնարարականն առաջին անգամ եմ լսել, իսկ գաղափարական մասով մենք այդ հանձնարարականները վարչապետից բազմիցս ունեցել ենք: Երեք նախարարություն հանձնարարական ունի սուբսիդավորելու ճիշտ ձևաչափ ունենալու վերաբերյալ, որովհետև պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր սուբսիդիա մեր հարկատուների գումարների հաշվին է»,- «Արմենպրե»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը:
Նրա խոսքով, պետք է լինի այնպիսի գործիքակազմ, որ սուբսիդավորումն առավելագույնս ծառայի իր նպատակին:



